top of page

«Սաղ կանգնած ա, ոչ մի գործ չկա»․ Առաքել Մովսիսյանը՝ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

  • Jul 5, 2021
  • 1 min read


Այսօր ArmLur.am- ը գրել է, որ 2021 թվականի հուլիսի 1- ին սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ:


ՀՀ բանկերից մեկը դիմել է սնանկության դատարան և հարկադիր սնանկացման է տանում ԱԺ նախկին պատգամավոր, հասարակության «Շմայս» մականվամբ հայտնի Առաքել Մովսիսյանին: Նախկին պատգամավորը բանկին պարտք է ավելի քան 5 միլիոն դրամ և չի կարողացել վճարել, որի համար էլ բանկը դիմել է դատարան:


«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի) նկատմամբ:


Հետևաբար, նկատի ունենալով, որ ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է իր բնակության վայրից, և նրա բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտնում է, որ Առաքել Աբրահամի Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:


MediaHub.am-ը կապ հաստատեց Առաքել Մովսիսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց՝ մամուլից է տեղեկացել իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։


«Դե, բանկ կա, պարտք կա, պիտի տանք, հիմա տվել են դատարան, դատարանն էլ թող որոշի, հետագայում կտեսնենք։ Ո՞վ չգիտի, որ պարտք եմ, դե, հիմա բանկին եմ պարտք, հո անձնապես մարդո՞ւ չենք պարտք»,- ասաց Մովսիսյանը։


Հարցին՝ Ձեզ սնանկ ճանաչելու հիմքեր կա՞ն, նա պատասխանեց․


«Դե, հիմա որ չկարողանամ տալ, պիտի սնանկ էլ ճանաչեն, ի՞նչ է, չի բացառվում, երկիր է, էլի»։


Անդրադառնալով հարցին՝ արդյոք կկարողանա՞ վճարել, թե՞ ոչ՝ Մովսիսյանն ասաց․


«Ես ինչ կարամ ասեմ, հիմա գործերը սաղ կանգնած ա, ոչ մի գործ չկա, կլինի՝ կլինի, չի լինի՝ բանկը իրա զալոգն ունի, հետագայում կերևա»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page