top of page

Հայաստանը բարձր է գնահատում անձամբ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների հարցին

Nov 3, 2021
2 min read


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույց է տվել «Nouvelles d'Arménie» ամսագրին, որի շրջանակում անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանը։


Թեմաների մասով հարցուպատասխանը՝ ստորև։


-Ի՞նչ ակնկալիքներ ունենք հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման առումով:


-Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային առնչությունների և բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ հարաբերություններ։ Ֆրանսիայի հետ առկա է բարձրաստիճան քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, որն ակտիվ է նաև օրենսդիր մարմինների և տեղական իշխանությունների մակարդակով։ Մեր երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը, իսկ պատերազմի հետևանքների և համաճարակի դիմակայման համատեքստում նաև՝ հումանիտար փոխաջակցությունը։


Ֆրանսիան առաջատարներից մեկն է Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների առումով։ Հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր ձեռքբերումներից է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն իր 20-ամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հայաստանյան շուկայում բարձր որակավորմամբ մասնագետներ պատրաստող դարբնոցի հեղինակություն։ Ֆրանսիան առաջինն է, որ օրենքի ուժով ճանաչել է, և Հայաստանի կողքին ապրիլի 24-ը որպես հիշատակի ազգային օր ոգեկոչող բացառիկ երկրներից է:


Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ֆրանսիան թե' հասցեական հայտարարություններով, թե' պատերազմի հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլերով ու համազգային բացառիկ համերաշխությամբ մշտապես մեր կողքին է եղել, որն, ի դեպ, արտացոլվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, ինչպես նաև շուրջ հարյուր շրջանների, դեպարտամենտների և քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման և արցախահայությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներում։ Օրեր առաջ էլ Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող ընդարձակ հատվածներից մեկը, որտեղ տեղակայված են Կոմիտաս Վարդապետի արձանը և Երևանի այգին, անվանակոչվեց Հայաստանի էսպլանադ՝ ի նշան հայ-ֆրանսիական անխախտ բարեկամության և Հայաստանի ու հայ ժողովրդի համար դժվարին փորձություններով լի այս ժամանակաշրջանում՝ ի նշան Ֆրանսիայի սատարման։


Ֆրանսիան որպես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին առանցքային դերակատարում ոնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, և մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին։


Ֆրանսիայի հետ մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել համագործակցության օրակարգը, ուստի կարող եմ ասել, որ այս հարցում հեռանկարները հստակ են, քանի որ միջպետական ամենաբարձր մակարդակով առկա է մեր ակնկալիքների և պատրաստակամության լիարժեք փոխադարձություն։


Առավել մանրամասն՝ այստեղ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page