Արարատում պատրաստ են ՏԻՄ ընտրությունների. «Հրապարակ»
- Oct 1, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցաշինական աշխատանքներն ակտիվացել են․ սեպտեմբերի 19-ին Վեդի քաղաքում տեղի է ունեցել «Մեր հզոր համայնք» նորահայտ կուսակցության հիմնադիր համագումարը, գրանցման հայտը ներկայացվել է արդարադատության նախարարություն, սպասում են գրանցմանը։
«Մեր հզոր համայնք»-ի նախագահ է ընտրվել Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը, ով էլ գլխավորելու է Վեդիի շրջանի ընտրացուցակը եւ պայքարելու է իշխանության թեկնածուի` կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի դեմ։ Կուսակցության խորհրդում, սակայն, ընդամենը երկու համայնքապետ է ընդգրկված՝ Լուսառատի և Ուրցաձորի համայնքապետերը, մյուսները համայնքների ակտիվ ներկայացուցիչներ են։
Արարատի ընտրություններին նորահայտ կուսակցությունը ևս հայտ է ներկայացնելու՝ Արարատի գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի թեկնածությունն են առաջադրելու, որին անցած ընտրություններին առաջադրել էր ՀՀԿ-ն: Առաջադրվելու ցանկություն ունի նաև Արարատ գյուղի՝ Դավալուի ՀՀԿ-ական համայնքապետ Կարեն Ղազարյանը: Այս մարզում ընտրությունների ողջ ինտրիգն այն է, թե ում կաջակցեն այս շրջանում մեծ ազդեցություն ունեցող Ավշարի տերերը` Գրիգորյանները»։
Comments