top of page

«Առասպելաբանության մարմնավորում» ու ոչ մի իրական հաղթանակ՝ Փաշինյանի կրեդոն

  • Jan 3, 2022
  • 2 min read



Վերածնունդը պետական քաղաքականություն է, և 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծնունդի տոների առթիվ շնորհավորական ուղերձում։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:

Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետև 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը և հայրանունը: Միևնույն անունը, ազգանունը, հայրանունը: Խորախորհուրդ մի հայտնություն է սա, կյանքի հաղթանակ, առասպելաբանության մարմնավորում. ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին»,- ամանորյա ուղերձում ասել է Փաշինյանը։

Իհարկե, գլուխ ենք խոնարհում բոլոր այն մայրերի առաջ, ովքեր պատերազմի դաշտում իրենց որդիներին կորցնելուց հետո կարողացել են նոր կյանքեր պարգևելու ուժ ու վճռականություն ունենալ, ապրել ու ապրեցնել։

Մյուս կողմից, տարակուսելի է, որ վարչապետի մակարդակով «առասպելաբանության մարմնավորման» նման գնահատականներ են հնչում։


Առհասարակ, «առասպելաբանության մարմնավորումը» եղել է Նիկոլ Փաշինյանի գրեթե քառամյա քաղաքականության միակ հիմքը։ Ոչ մի իրական ծրագիր, ոչ մի հայեցակարգ․ միայն պատրանքներ, կարգախոսներ, որոնք ամեն անգամ փշրվել են՝ հանդիպելով իրական մարտահրավերների։


Ի՞նչ արժեք ուներ Փաշինյանի «կախարդական փայտիկը» 2018-ին, երբ դրա հետևանքը ընդամենը երկու տարի հետո դարձավ աղետաբեր պատերազմը՝ հազարավոր զոհերով ու տարածքային կորուստներով։

Ի՞նչ արդյունք տվեց Փաշինյանի նեղմտությունը, «հայկական ժողովրդավարությունն ու հեղափոխությունը» Արևմուտքի վրա «ծախելու» կարճատեսությունը, երբ այդ քաղաքականությունը գեթ մեկ երկրով չավելացրեց Հայաստանի դաշնակիցների թիվը, փոխարենը՝ ճեղքեր առաջացրեց հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում, ինչից, անշուշտ, օգտվեցին մեր թշնամիները։


Հայաստանի ու Արցախի հեռանկարը մշուշոտ դարձնելուց հետո Փաշինյանը շրջանառու դարձրեց «Ապագա կա» կարգախոսը, որի պյուռոսյան հաղթանակից հետո ռազմագերիները շարունակեցին մնալ Բաքվում, թշնամին՝ Հայաստանի տարածքում, իսկ աղքատացող ժողովուրդը ստիպված է ավելի թանկ վճարել էլեկրաէներգիայի ու ջրի դիմաց։ Ի՞նչ ապագա Բաքվի զնդաններում ու աղքատության ճիրաններում։


Հիմա էլ վերածնունդ՝ դարձյալ «առասպելաբանության մարմնավորմամբ», ու դարձյալ ոչ մի խոսք, ծրագիր իրական Վերածննդի մասին, որի առաջին նախապայմանը պարտության ու նվաստացման հետ ասոցացվող իշխանության հեռացումն է։


Վահրամ Բագրատյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page