Վարչապետի աշխատակազմը «Սասնա ծռերի» պատգամավորի թեկնածուի հետ 1,6 մլն դրամի պայմանագիր է կնքել
ՀՀ վարչապետի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Արայիկ Պապիկյանի հետ՝ փորձաքննության ծառայություններ մատուցելու համար։
Արայիկ Պապիկյանի կողմից մատուցվող փորձաքննության ծառայությունները կապված են ոչ մարտական պայմաններում Վալերիկ Ազատի Մուրադյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի փորձաքննության ծառայության մատուցման հետ։ Մասնավորապես, այն վերաբերում է գործի քննության ընթացքում քրեաիրավական և քրեադատավարական նորմերի ենթադրյալ խախտումների վերհանմանն ու քննության համար պատասխանատու անձանց թույլ տված ենթադրյալ խախտումների ու չարաշահումների վերհանմանը։
Վարչապետի աշխատակազմն այս ծառայության համար, ըստ պայմանագրի, պետք է վճարի 1 646 795 դրամ, իսկ ծառայության մատուցման վերջնաժամկետը պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսն է։
Հատկանշական է, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով որպես պատգամավորի թեկնածու մասնակցում էր 2018թ-ի արտահերթ ընտրություններին։
Արմինե Նավոյան
Comments