top of page

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել

  • Dec 10, 2021
  • 1 min read

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել:


Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է:


«1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով, Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի(Արցախի) Հանրապետությանը:


Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը:


30 տարիների ընթացքում, որպես ժողովրդի կամքի դրսևորում, արցախահայությունը հայրենի հողում ստեղծել է համամարդկային արժեքներով ապրող ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն:


Ադրբեջանի մշտական սպառնալիքների և թշնամական վերաբերմունքի պայմաններում Արցախի Հանրապետության քայլերը նպատակաուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:


Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ, բռնազավթվել է հանրապետության տարածքի մեծ մասը, ոչնչացվել նյութական և ազգային մշակութային ժառանգությունը:


Հետպատերազմյան ամիսներին Ադրբեջանի հայատյացության, սադրիչ, ագրեսիվ հռետորաբանության և այդ ամենից բխող գործողությունների պայմաններում արցախահայությունը, հավատարիմ 1991թ. պատմական որոշումներին, հաղթահարելով դժվարությունները, կառուցում է իր ապագան:


Գլուխ ենք խոնարհում նահատակված բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի Հանրապետության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի:


Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի համար առաջնահերթ են մնում պետության միջազգային ճանաչման, բռնազավթված տարածքների ազատագրման, տեղահանված ազգաբնակչության հայրենադարձության, ռազմագերիների, պատանդների անվերապահ ազատման, հայկական ազգային մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը:


Ի դեմս միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում»:


Հայտարարությունը տարածել են՝


ԱՀ ԱԺ « Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը,


ԱՀ Աժ «Միասնական հայրենիք» խմբակցությունը,


ԱՀ Աժ «Արդարություն» խմբակցությունը,


ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը,


ԱՀ ԱԺ «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն»խմբակցությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page