Արցախը՝ անցած շաբաթ․ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ամփոփումը

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.
Ընդհանուր բնույթի տեղեկություններ
Շաբաթվա ընթացքում սոցցանցերի արցախյան տիրույթում շարունակվում են քննադատական գրառումները խմելու ջրի խնդրի հետ կապված։ Մարդիկ նշում են, որ ավելի քան մեկ ամիս է Ստեփանակերտ քաղաքում ճգնաժամային իրավիճակ է ստեղծված, իսկ պատկան մարմինների կողմից հստակ տեղեկատվություն չկա, թե ե՞րբ կհանգուցալուծվի ճգնաժամը։
Caucasus Heritage Watch-ը հրապարակել է Հադրութում փլուզված կամրջի լուսանկարները։ Caucasus Heritage Watch-ը նշել է , որ կամուրջը փլուզվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ը ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ։ Համաձայն կազմակերպության տվյալների՝ դա դժվար է տեսնել արբանյակային լուսանկարներում ծառերի պատճառով, սակայն կազմակերպության աղբյուրները հաստատել են տեղեկությունը։
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի բացումը: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը ներկաներին շնորհավորել է հանրապետության օրվա կապակցությամբ և հատկանշական համարեց Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակի բացումը:
Արցախի անկախության 30-րդ հոբելյանական տարելիցի հետ կապված թեմաներ։
1991թ-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂ Ինքնավար Մարզի պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում հայտարարվել է Արցախի անկախության մասին։ Այս տարի լրացավ այդ պատմական օրվա հոբելյանական 30-րդ ամյակը։
Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին: Նիստին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը։
Ելույթներով են հանդես եկել նաև ՀՀ խորհրդարանի ընդիմադիր և իշխանական ֆրակցիաների ներկայացուցիչները։
Ուղերձով հանդես է եկել նաև ԱՀ նախագահը։ Օրվա հետ կապված հայտարարություն է տարածել նաև ՀՀ վարչապետը։
Թեմայի հետ կապված մամուլում և սոցցանցերում բավականին ակտիվ քննադատական խոսքեր են հնչել ՀՀ իշխանությունների հասցեին։ Հիմնականում նշվում էր, որ Արցախի համար այս չափազանց կարևոր ու ճակատագրական ժամանակահատվածում ՀՀ իշխանության բարձրաստիճան ղեկավարությունից Արցախ չէին այցելել, ինչը վերջին 30 տարվա մեջ աննախադեպ երևույթ է։
Լուրեր էին շրջանառվում նաև, որ ՔՊ պատգամավորները Արցախ էին մեկնել մեծ թվով թիկնազորի ուղեկցությամբ։ Այդ ամենը փաստող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվել համացանցի հայկական տիրույթում։
Տեղեկություն է շրջանառվել նաև, որ զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարեր են նետել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում հանգրվանած ՔՊ-ական պատգամավորների ուղղությամբ, որից հետո պատգամավորները հապճեպ կերպով փախուստի են դիմել։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել է ՔՊ պատգամավորների կողմից։
ԱՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական հայտարարություններով են հանդես եկել նաև Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը և ԱՄՆ «Հանրապետական» կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն։ Վերջինս նշել է, որ կանգնած են Արցախի և Հայաստանի ժողովրդի կողքին։
ՌԴ խաղաղապահների մասին
ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ ռազմական գործողությունների ավարտից ի վեր Արցախում հումանիտար խնդիրների լուծման դրական դինամիկա է նկատվել։
ՌԴ ՊՆ-ից հայտարարել են, որ սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի օրը, ՌԴ խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն ապահովել են Արցախի երեխաների, ուսուցիչների և տեղի բնակիչների անվտանգությունը: Ըստ հաղորդագրության՝ Ստեփանակերտի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում, ինչպես նաև Արցախի Մարտունի և Մարտակերի շրջաններում ներգրավված են եղել ավելի քան 100 զինծառայողներ:
Պաշտոնական լրահոս
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջան։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ԱՀ մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար սեպտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանին, ռազմական գործիչ Արթուր Արտյուշայի Ալեքսանյանին և ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի ռազմաբժշկական բաժնի գլխավոր վիրաբույժ, բժշկական ծառայության գնդապետ Սամվել Սոկրատի Գևորգյանին՝ հանձնելով նրանց «Ոսկե արծիվ» շքանշան:
ԱՀ կառավարության որոշման համաձայն` Արսեն Ռոմանի Ավանեսյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում։
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմինե Պետրոսյանին:
Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե տվյալներ կան, որ Ադրբեջանը աֆղան գրոհայիններ է բերում Արցախի օկուպացված տարածքներ։ Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի այդ տարածքներ։
ԱՀ ՊԲ ից տեղեկացրել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
Թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՌԴ պաշտպանական գերատեսչությունը՝ նշելով, որ ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել:
ԱՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ Արցախի ոստիկանությունում քրգործ է հարուցվել հուլիսի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Մաճկալաշեն համայնքի բնակչին ադրբեջանցիների կողմից խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ:
ԱՀ դատախազության մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող քրեական գործով, պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պետբյուջե է վերադարձվել ավելի քան 194․000․000 դրամ գումար։
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրել են, որ սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ են արձանագրվել 4 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ՝ խախտումները վերացնելու համար:
ԼՂ հակամարտության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի ԼՂ կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա:
ՀՀ ԱԳՆ ղեկավարի մեկ այլ հայտարարության մեջ էլ նշվում է , որ հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում է իր հանձնառությունը աշխատելու ԼՂ հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով և խրախուսում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։























Comments