top of page

Ադրբեջանական զինծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի արոտավայրերի հովվի շուրջ 20 ձի

Jun 6, 2021
2 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այսօրվա փաստահավաք աշխատանքները պարզել են, որ 2021թ. հունիսի 6-ին` ժամը 13:30-ի սահմաններում, ադրբեջանական զինվորական ծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից:


«Մասնավորապես, հովվի 20 ձիերը, արածելով, մի փոքր մոտեցել են ադրբեջանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում:


Ադրբեջանական զինված ծառայողներն, օգտվելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արոտավայրի ուղղությամբ և փորձել են գողանալ բոլոր ձիերը:


ՀՀ զինված ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիվ է կանխվել արբեջանական զինծառայողների գողության փորձը:


Դեպքը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրում: Այստեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ):


Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ դրսևորում են բացահայտ հանցավոր արարքներ:


Նրանք, փաստորեն, ուղիղ դիտավորությամբ կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու նպատակով:


Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ այս հանցավոր արարքները սկսվել են, երբ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:


Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:


Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում, որ ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ հայատյաց ու թշնամանքի քաղաքականության հետ:


ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:


Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները»,- հայտնել է Թաթոյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page