Դատավորի որոշումների համար չի կարելի նրան պատասխանատվության ենթարկել․ դատավոր Արման Հովհաննիսյան

Այսօր՝ ԲԴԽ նիստում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը միջնորդել է հետաձգել իր նկատմամբ հարուցված կարգապահական գործի քննությունը։ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ անհրաժեշտ է միջնորդության բովանդակությանը ծանոթանալու համար հետաձգել նիստը։
Նիստից հետո դատավոր Արման Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է․
«Ես կարծում եմ, որ դատավորի կայացրած որոշումների, մտքի, մոտեցումների, վերլուծությունների համար կարգապահական վարույթ հարուցելը սխալ է, որովհետև դա ուղիղ կաշկանդում է դատավորին։ Նաև միջազգային նորմերով է նախատեսվում, որ դատավորն իր կայացրած որոշման համար պետք է չենթարկվի պատասխանատվության։ Այլ բան է, եթե դատավորն իր կայացրած որոշման մեջ հղում է տալիս այնպիսի նորմի, որն արդեն տաս տարուց ավելի գոյություն չունի»։
Նշենք, որ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել այն բանի համար, որ չէր բավարարել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Երկաթ) կալանավորման միջնորդությունը։
Կարգապահական վարույթի հարուցման որոշմանը ծանոթանալուց հետո դատավորը հայտնել էր․
«Հարուցման որոշման մեջ՝ վերևի տողում գրված է, որ հիմնավոր կասկածի առկայության բացակայությունն առերևույթ չպատճառաբանված է, սակայն մի քանի տող ներքև գրված է, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից և անդրադարձել այնպիսի հարցերի, որոնք իր քննարկման թեման չեն։ Հիմա ես չեմ հասկանում՝ այս դատական ակտը չպատճառաբանվա՞ծ է, թե՞ շատ պատճառաբանված է, որ սահմաններից դուրս եմ եկել»։























Comments