Օնիկ Գասպարյանի հայցը բավարարած դատավորի կարգապահական վարույթի քննությունը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործի քննությունը նախատեսված է օգոստոսի 12-ին։ Արդարադատության նախարարությունից MediaHub.am-ին տեղեկացրին՝ որպես ԱՆ ներկայացուցիչներ կմասնակցեն նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը և նախարարի օգնական Ներսես Զեյնալյանը։
Նշենք, որ գործի հարուցման պատճառ է հանդիսացել այն, որ արդարադատության նախարարը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կապված քաղաքացուն Վրաստանին հանձնելու թույլտվության և հանձնման նպատակով կալանավորելու թույլտվության վերաբերյալ, որոնք մակագրվել են իրեն, և, քննելով միջնորդությունները, Հովհաննիսյանը դրանք մերժել է։
Mediahub.am-ը ԲԴԽ-ի կայքից տեղեցավ նաև, որ նույն օրը նախատեսված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Գագիկ Խանդանյանը այն դատավորն է, որը բավարարել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պահանջը՝ առոչինչ ճանաչել նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը իրավունքի ուժով ընդունված Հանրապետության
նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Հ․Գ․— Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց․ «Հարգելի գործընկերներ և, պարզապես, երկրի ճակատագրով մտահոգ անձիք, արդարամիտ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը, որը նախնական պետք է տեղի ունենար վաղը' 2021 թվականի օգոստոսի 12-ին, տեղի չի ունենալու, այն հետաձգվել է, կայանալիք դատական նիստի վերաբերյալ տեղեկություններ լինելու պարագայում, անպայման կտեղեկացնեմ»։























Comments