Ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ սահմանային գոտիներում բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ
- Jul 6, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի երեկվա կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները:
Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ:
Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ:
Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում:
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար:
Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ»:


























Comments