Անթույլատրելի է ԱԺ-ում ԶԼՄ-ներին նիստերի օթյակից դուրս գալ պարտադրելը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անթույլատրելի են այսօր Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը:
Ավելին, մի շարք լրագրողներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ անվտանգության ծառայողներն իրենց նշել են, որ լրագրողներին կթույլատրեն օթյակում մասնագիտական աշխատանք կատարել, բայց նիստերի դահլիճում միջադեպերի դեպքում պետք է լքեն օթյակը և իրավունք չունեն միջադեպեր (նաև բռնություն) լուսաբանել, այդ թվում` նկարահանել:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ` լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:
Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում:
Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:
Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը»:























Comments