Պետք է անհապաղ դադարեցնել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ՀՀ ՄԻՊ
- Aug 25, 2021
- 2 min read

ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բացարձակ անթույլատրելի էին այսօր Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը:
Այս դատապարտելի երևույթներն արդեն ստանում են շարունակական բնույթ, և անվտանգությունն ապահովող ծառայողների գործողությունները չունեն հիմնավորում։
Եվ պետք է հիշել, որ Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօրվա միջադեպերը քննարկել է նաև Ազգային ժողովում մասնագիտական աշխատանք իրականացնող կոնկրետ լրագրողների հետ: Նրանք տեղեկացրել են, որ իրենց համար նախատեսված վայրից՝ օթյակից, իրենց դուրս են հանում այն ժամանակ, երբ նկատում են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է կամ ինչ-որ իրարանցում է զարգանում:
Օրինակ՝ «Civilnet․am»-ի լրագրող Գևորգ Թոսունյանը նշել է, որ Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցներն իրենց սկսել են 2 օթյակներից հեռացնել այն ժամանակ, երբ արդեն նկատել են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը սրվում է։ Անվտանգության աշխատակիցները կոպիտ հրելով դուրս են հանել լրագրողներին, իսկ երբ նկատել են, որ ինքը տեսանկարահանում է ընթացքը, ագրեսիվ վարքագծով սկսել են իրեն քաշքշել՝ պահանջելով չտեսանկարահանել և դուրս գալ օթյակից։
Մեկ այլ դեպքում «Factor.am»-ի լրագրող Մերի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ իրենց անվտանգության աշխատակիցները դուրս են հանել հրելով ու քաշքշելով՝ չներկայացնելով հիմնավորումներ։ Նույնը նշել է նաև «Hraparak.am»-ի լրագրող Վահե Մակարյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված տեսանյութերը:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լրագրողների հանդեպ զինվորականները դրսևորում են կոպիտ վերաբերմունք:
Նրանք արգելելում են լրագրողներին մնալ լրագրողների համար նախատեսված սենյակում և որոշ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ դուրս հանում այդ սենյակից:
Օրինակ՝ տեսանյութերից մեկում զինվորական համազգեստով ծառայողը երկու կին լրագրողների ձեռքերից բռնելով դուրս է հանում նրանց լրագրողների սենյակից:
Տեսանյութի մեկ այլ դրվագում հստակ երևում է, թե ինչպես են զինվորականներն անցնում լրագրողների համար նախատեսված մեկ այլ սենյակ և անմիջապես սկսում արգելել նկարահանումները՝ առանց որևէ կերպ կոնկրետ պահանջ ներկայացնելու կամ պարզաբանելու իրենց գործողության նպատակը, և առանց հնարավորություն տալու լրագրողներին հասկանալ պահանջը և ինքնուրույն դուրս գալ սենյակից․․․»։


























Comments