Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է ընտրակաշառք տալու փորձի համար
- Jun 14, 2021
- 1 min read

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը.
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 12.06.2021թ.-ին Ռ. Խ.-ին և Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Comments