Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի առնչվում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմաններին․ Արմեն Գրիգորյան
- Jan 20, 2022
- 2 min read

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանին իրենց ներկայացրած առաջարկությունների փաթեթը վերաբերում է սահմանում իրավիճակի ստեղծմանը, որը, կարելի է ասել, բարենպաստ պայմաններ կստեղծի, որպեսզի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսենք։
«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, նաև էնպիսի քայլերի կատարումը, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին անցնել»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ իրենք Բաքվից դեռևս իրենց առաջարկներին գրավոր պատասխան չեն ստացել։
Hraparak.am-ը հարցրեց ԱԽ քարտուղարին՝ ի՞նչ է նշանակում հայելային տարբերակով հետ քաշվել, մենք ի՞նչ տեղ ունենք հետ քաշվելու, և կա՞ն տարածքներ, որտեղ մեր զորքերը առաջ են գնացել, և Ադրբեջանը համարում է, որ մենք իրենց տարածքում ենք գտնվում ու պետք է հետ քաշվենք։
«Իրականում մեր առաջարկության հիմքով առաջ գնալու դեպքում այդպիսի հարց չի առաջանա, որովհետև հաշվի ենք առնում Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը։ Այսինքն՝ քարտեզի ոչ թե այս պահին դե ֆակտո գոյություն ունեցող զորքերի տեղակայումով ենք հետքաշման գործընթաց սկսում, այլ հիմքում ընդգրկում ենք Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը, և այդ քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում։ Նման դեպքում այդպիսի հարց չի կարող առաջանալ»,-ասաց նա։
-Պարոն Գրիգորյան, իսկ բանակցությունների ընթացքում առաջ քաշվո՞ւմ է այն հարցը, որ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթով զորքերը պետք է մնային այն դիրքերում, որտեղ այդ պահին փաստացի կանգնած էին։ Բայց մենք դրանից հետո տեսանք, որ մինչ այս պահը ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք համարվող տարբեր հատվածներում առաջ է եկել։ Այս հարցը, ինչպես նաև գերիների վերադարձի հարցը առաջ քաշվե՞լ է, թե ինչու է Ադրբեջանը խախտում եռակողմ հայտարարության պայմանները։
-Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ ձևով չի առնչվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և կարգավորումները հենց Լեռնային Ղարաբաղի մասով են։ Սահմանազատման և սահմանագծման մեր առաջակությունները, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ստեղծված դե ֆակտո իրավիճակը, դրանց լուծումներին են միտված։
-Բայց իրենք նաև ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը և հետ չեն գնում։
-Իհարկե, նոյեմբերի 9-ի հայտարարությունների դրույթները չեն կատարվում, մենք այս հարցը բարձրացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում և ակնկալում ենք, որ Ադրբեջանը ամբողջությամբ կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։























Comments