Արմեն Չարչյանի լիազորությունները՝ որպես «Իզմիլյան» ԲԿ ղեկավարի, դադարեցված են․ փաստաբան
- Jul 23, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանի լիազորությունները` որպես «Իզմիլյան» բժշկական կենտրոնի տնօրենի, դադարեցված են, քանի որ քննություն է կատարվում։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 23-ին, MediaHub.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանի խոսքով՝ բացի դրանից, Չարչյանը «Հայաստան» դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի մանդատ է վերցնելու, և համատեղել հնարավոր չէ։
«Քանի որ մեղադրող կողմը կարծում է, որ Արմեն Չարչյանը, աշխատելով բժշկական կենտրոնում, կարող է խոչընդոտել գործի քննությանը, մենք չենք ցանկանում օգտվել այդ կարգավիճակից»,- նշեց նա։
Ավելի վաղ՝ հուլիսի 21-ին, Արմեն Չարչյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից․ դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, 15 միլիոն դրամ գրավի դիմաց փոխեց պրոֆեսորի խափանման միջոց կալանավորումը։
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։


























Comments