top of page

Հայալեզու վրացական կայքը սկսել է պայքարել հայկական մամուլի դեմ․ Արմինե Օհանյան

Jun 22, 2021
2 min read

Այսօր առավոտվանից մի քանի լրատվամիջոցներ ահազանգում էին, որ իրենց կայքերի տեսանելիությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում սահմանափակված է։ Առաջին ահազանգը «Հրապարակ» լրատվական կայքից էր։ MediaHub-ը զրուցեց «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ՝ հասկանալու, թե ինչպե՞ս և ինչո՞ւ է կայքերի տեսանելիությունը սահմանափակվել։


Նա հայտնեց, որ մամուլի դեմ պայքարի իշխանական փորձերին են միացել նաեւ արևմտյան ֆինանսավորում ունեցող որոշ ՀԿ-ներ, որոնք որոշել են գործող իշխանություններին ուղղված քննադատությունը սահմանափակել։


«Մի քանի ամիս առաջ հայալեզու վրացական կայք է ստեղծվել՝ https://factcheck.ge/ անվանումով, որը սկսել է պայքարել հայկական մամուլի դեմ՝ իբրև, թե կեղծ լուրերի, մանիպուլյացիաների հայտնաբերման համար։ Նրա հայաստանյան գործընկերը «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն» է՝ իր media.am կայքով, որն իր աշխատողների հետ, ոչ թե լրատվական աշխատանքով, հանրային իրազեկմամբ կամ քաղաքացիական հասարակության ձեւավորմամբ են զբաղված, այլ մամուլի դատավորի դերն են ստանձնել՝ այն էլ անչափ կասկածելի չափանիշներով ու սկզբունքներով»,- ասաց Օհանյանը։


Խմբագրի մեկնաբանությամբ՝ նրանք զբաղված են մամուլում իրենց կարծիքով կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով, որից հետո նամակ են գրում Ֆեյսբուքին, որն էլ արգելափակում է կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցնում գովազդը, սահմանափակում հրապարակումների հասանելիությունը ֆեյսբուքում։


«Զավեշտալի է, որ իրենց դատավորի տեղ են դրել։ Որպեսզի պարզ լինի աբսուրդը, մի քանի օրինակ նշեմ։ «Հրապարակի» 2 նյութ են ֆեյքնյուզ անվանել․ մեկը շվեցարահայ բարերար Թերեզա Մխիթարյանի հարցազրույցը, որտեղ մարդն իր տեսակետն է հայտնել, մասնավորապես, Ջորջ Սորոսի մասին։ Մեկ այլ դեպքում՝ համացանցում որպես ծաղրանկար տեղադրված, ֆոտոշոփ արված լուսանկարն են ֆեյքնյուզ անվանել։ Մի երրորդ լրատվամիջոց «պատժվել է» մամուլի տեսության համար՝ այլ լրատվամիջոցի հրապարակումը վերատպելու պատճառով։ Չորրորդ դեպքում «ֆեյքնյուզն» Արման Բաբաջանյանին վերաբերող մի հրապարակում է՝ զրպարտված անձը չի բողոքում, իրենք են ստանձնել նրա շահերի պաշտպանությունը»,- ասաց նա։


Արմինե Օհանյանը նշեց, որ հրապարակումների մեծ մասը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին, իսկ իրենց դեմ աշխատող անձանց մեջ հայտնաբերել են անձի, որը որոշ ժամանակ առաջ կառավարությանը կից տեղեկատվական ՊՈԱԿ-ում է աշխատել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page