top of page

Փաշինյանը խոստացավ, որ ոռոգման ջրի խնդիրը կլուծի, բայց հենց հունիսի 21-ից մնացինք անջուր․ արմավիրցի

  • Jun 26, 2021
  • 1 min read

ree

Արդեն յոթ օր է, ինչ Արմավիրի մարզի շուրջ 20 գյուղեր ոռոգման ջուր չունեն, բերքը վառվում է, իսկ գյուղացին չգիտի՝ ում դիմել։ Հենց այդ պատճառով էլ, այսօր, հարյուրավոր գյուղացիներ փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով, որ մարզպետը մոտենա և լուծում տա հարցին։


«Անգամ մեկ օր ջուր չունենալն արդեն խնդիր է, վարկեր ենք վերցրել, որ հող մշակենք, հիմա բերքը վառվում ա, ո՞վ պիտի պատասխան տա»,- նեղսրտում են գյուղացիները։


Գյուղացիներից մեկը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ և խոստացել, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիր գյուղացին չի ունենալու, սակայն, հենց ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին արմավիրցիները կանգնել են փաստի առաջ, ո՛չ Սևանա լճից և ո՛չ էլ Քասախ գետից եկող ջուրը չի հասել իրենց։


Սևանից եկող ջուրը, ըստ Արմավիրի ՋՕ ներկայացուցչի, չի հասել գյուղացիներին, քանի որ երկու օր առաջ ջրատարը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վնասվել է, հիմա վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, մինչև օրվա վերջ խնդիրը կլուծվի։


Սակայն, գյուղացիները պնդում են՝ իրենց պետք է տեղյակ պահեին, որ ջուր չի լինելու, որ իրենք էլ իրենց անելիքն իմանային։


«Բերքը վառվում ա, ո՞վ պիտի պատասխան տա, ո՞վ պիտի մեր վնաստ հատուցի»,- նշում են գյուղացիները։


Բացի այդ, նրանք հարց բարձրացրին, թե ինչու է իրենց հանդիպելու եկել մի մարդ, որը ոչինչ չգիտի խնդրի մասին։


«Ինչո՞ւ այստեղ չի եկել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, որ մեր խնդրին լուծում տա, ինչո՞ւ ա էս խեղճ ոստիկաններին ուղարկել այստեղ, որ ի՞նչ անեն»,- հարց բարձրացրին նրանք։


Ի պատասխան գյուղացիների բողոքի՝ Արմավիրի ՋՕ ներկայացուցիչներն ասացին, որ մինչև վաղը առավոտ ջրի խնդիրը կլուծվի, որից հետո գյուղացիները բացեցին ճանապարհը՝ շեշտելով, որ եթե վաղը խնդիրը լուծված չլինի, իրենք կրկին փակելու են ճանապարհը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page