Պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել. Ավանեսյան
- Sep 24, 2021
- 1 min read

Հայաստանի առողջապահական համակարգի առաջիկա բարեփոխումները լայն քննարկման առարկա դարձնելու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում հանրապետության բուժհաստատությունների տնօրենների հետ: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ֆեյբուքյան էջից:
Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման համար ոլորտի փորձառու մասնագետների հետ քննարկումները չափազանց կարևոր են.
«Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային քննարկումների և հարցերը ճիշտ ժամանակին վերհանելու միջոցով լուծումներ գտնելու մոտեցումը կօգնի մեզ առաջ շարժվելու. առանց դրա դժվար է պատկերացնել որևէ բարեփոխում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Խոսելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին՝ Ավանեսյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման կներկայացվի առողջության ապահովագրության ամփոփված հայեցակարգը, որի ներդրումը համալիր գործընթաց է լինելու:
Նախարարն անդրադարձել է նաև պետպատվերի ծավալներին՝ նշելով, որ վերջին տարիներին օբյեկտիվ հիմքերով առողջապահության համակարգը աշխատել է գերծանրաբեռնված, սակայն պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը՝ աճել են, և այդ աճը շարունակական է լինելու: Միաժամանակ, նախարարն ընդգծել է առկա և հատկացվելիք ռեսուրսներն ըստ հասցեական օգտագործելու անհրաժեշտությունը` արդյունավետության բարձրացման նկատառումներով:


























Comments