top of page

Հադրութի շրջանի Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետին նոր մեղադրանք կառաջադրվի

Sep 9, 2021
1 min read


Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հանձման, ինչպես նաև 62 հայ զինվորականների գերի ընկնելու մեջ մեղադրվող փոխգնդապետ Արսեն Ղազարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե։ Նրան նոր մեղադրանք է առաջադրվելու։ Այդ մասին MediaHub․am-ին հայտնեց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։


«Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը հրավիրվել է նախաքննական մարմին, քանի որ վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվում»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց փոխգնդապետի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։


Փաստաբանը նշեց, որ երկու կարևոր հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել․ նախ՝ Քննչական կոմիտեն գիտի, որ Արսեն Ղազարյանն ապրում է Գյումրիում և, առողջական վիճակից ելնելով, չի կարող նշված ժամանակում հասնել Երևան, և մեղադրանք է առաջադրվում այն ժամանակ, երբ տեսնում են՝ դատարանը մերժել է առաջին կալանավորումը։ Այս դեպքում Քննչական կոմիտեն որպես խափանման միջոց միջնորդելու է դատարանին՝ կալանավորել նրան։


«Մենք տեղեկացանք, որ այսօր հերթապահ դատարանն է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն և Նորք-Մարաշի նստավայրը։ Ամենայն հավանականությամբ, գործը կմակագրվի Մնացական Մարտիրոսյանին, որը հայտնի է, քննիչների կալանքների միջնորդությունները «պեչատելու։ Մենք բոլորս գիտենք, թե կենտրոնի դատարաններն ինչ քաղաքականություն են վարում, ուստի զարմանալի չէ, որ ընտրել են հենց այս ժամանակը»,- ասաց փաստաբանը։


Թե ինչ մեղադրանք է առաջադրվում, Հովհաննիսյանը չգիտի։


«Ես իմ քսան տարվա աշխատանքային կարիերայում չեմ տեսել երբևէ նման բան, որ մեկ մարդուն երեք անգամ նույն մեղադրանքի համար կալանավորման միջնորդություն ներկայացնեն դատարան»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page