Ոչնչացնել սահմանախախտ ադրբեջանցիներին. Կարապետյանի ուշագրավ հայտարարության հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը երեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Մասնավորապես, նա երեկ՝ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին, հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին:
Այս հայտարարությունը ուշագրավ է իր խստությամբ. իհարկե, այս ընթացքում Պաշտպանության նախարարությունից եւս նմանատիպ հորդորներ եղել են, սակայն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մեղմ հայտարարություններով էին հանդես գալիս: Իսկ ինչո՞ւ հենց այժմ նման խիստ հայտարարություն անելու անհրաժեշտություն եղավ. նկատենք, որ այդ հայտարարությանը նախորդեց հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպմանը:
Այսօր էլ ՊՆ-ն ընդունել է ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին եւ քննարկել սահմանային իրավիճակը»:
Comments