Ի՞նչ կլինի, եթե «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները հրաժարվեն մանդատից․ մասնագետների կարծիքը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում երեք ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներն անցան խորհրդարան։ Ըստ ԿԸՀ նախնական հաշվարկների՝ ՔՊ- ն կունենա 72 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 27 մանդատ, «Պատիվ ունեմը»՝ 6 մանդատ:
Իսկ ի՞նչ կլինի, եթե դաշինքները հրաժարվեն իրենց մանդատներից․ հարցի շուրջ MediaHub.am-ը զրուցել է սահմանադրագետներ Վարդան Այվազյանի և Գոհար Մելոյանի հետ։
Ըստ Վարդան Այվազյանի՝ եթե դաշինքները չվերցնեն մանդատներն, ապա կառաջանա քաղաքական ճգնաժամ, միջազգային վարկանիշի անկում, բայց դա չի խոչընդոտի, որ ՔՊ-ն միանձնյա կառավարություն ձևավորի։
«Տեսեք, այդ ուժը ստացել է ձայներ, և խնդիրն այն է, որ կառաջանա հակասահմանադրական վիճակ, որի լուծման կանոնակարգերը չկան։ Այդ դեպքում կստացվի վիճակ, երբ մեկ ուժով կձևավորվի խորհրդարան, թեև, դա հակասահմանադրական է»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ արդյոք ՀՀ սահմանադրությունը չի նախատեսո՞ւմ կարգավորումներ նման դեպքերի համար, Վարդան Այվազյանը պատասխանեց՝ նման կարգավորում չէր կարող լինել, քանի որ այդ դեպքում ցանկացած ուժ, որը դժգոհ լիներ իր հավաքած ձայներից, կհրաժարվեր մանդատից ու կպահանջեր նոր ընտրություններ անցկացնել։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց՝ ընտրությունների նախնական արդյունքներն են դեռ ամփոփվել, և դրանք հնարավոր չէ լուծարել մանդատներից հրաժարվելով։
Սահմանադրագետի դիտարկմամբ՝ եթե յոթ օրվա ընթացքում վերաքվեարկություններ, բողոքարկումներ, անճշտություններ և էական տարբերություններ լինեն նախնական արդյունքների հիման վրա, ապա հնարավոր կլինի նոր ընտրություններ անցկացնել։























Comments