top of page

Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է․ Արցախի պետնախարար

Oct 25, 2021
1 min read


Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի:


Վերջին օրերին ևս չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների, բայց թոքերի՝ բարձր տոկոսով ախտահարմամբ:

Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը ու հատկապես մեր խոցելի հարազատները կարող են լինել հաջորդ մահվան կամ ծայրահեղ ծանր դեպքի զոհը:


Ուստի, հորդորում եմ՝

1. Ամենուրեք պահպանել անվտանգության կանոնները՝ չվարակվելու և չվարակելու համար, ինչպես նաև հանրային անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել անվտանգության կանոնները չպահպանող անձանց հանդեպ, քանի որ նրանք վտանգի տակ են դնում այլոց (այդ թվում՝ ձեր) կյանքն ու առողջությունը:


2. Առանց տատանվելու գնալ և պատվաստվել, քանի որ դա բազմապատիկ անգամ նվազեցնում է վարակվելու և հատկապես մահանալու ու առողջությունը խեղելու հավանականությունը: Որքան էլ պատվաստումների մասին տարբեր տեղեկություններ լսեք, միևնույն է՝ անառարկելի փաստ է, որ բարձր տոկոսով պատվաստված հասարակություններում ծանր ու մահվան դեպքերը բազմապատիկ անգամ ավելի քիչ են:


Եվ այս ճշմարտությունը վկայում են նաև վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ում ու ԱՄՆ-ում իմ ունեցած փորձառությունը և զրույցները ծանրակշիռ մասնագետների հետ:


3. Խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց:


4. Չտրվել գիտականորեն չապացուցված տեղեկություններին ու առասպելներին, քանի որ դրանք նույնքան վտանգավոր են ձեր կյանքի համար, որքան՝ կորոնավիրուսը:

Առողջություն, զգոնություն ու ողջախոհություն եմ մաղթում ձեզ»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page