top of page

Անցյալ ասելով՝ մարդիկ չեն հիշում միայն կոռուպցիա, հիշում են կանխատեսելի երկիր. Արթուր Վանեցյան

  • Jun 3, 2021
  • 1 min read


«Մենք չենք պայքարում ընդդիմության դեմ։ Մեր պայքարը մեկն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին». այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։


Նրա խոսքով՝ ժողովրդավար հասարակություններում մարդիկ են ազատ ընտրությունների ժամանակ որոշում, թե ով պետք է ղեկավարի իրենց։


«Հանգամանքներից ելնելով՝ այս ընտրությունները մենք չենք կարող համարել նորմալ, բայց մարդիկ գնալու և կատարելու են իրենց ընտրությունը։ Ես համոզված եմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ունի շատ մեծ շանսեր՝ իշխանություն ձևավորելու և այս ընտրություններում հաղթելու։ Մենք գնում ենք միանշանակ հաղթելու նպատակով»,- ասաց նա։


Անդրադառնալով իր հայտարարությանը, որ «անցյալին վերադարձ չի լինելու»՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ անցյալ ասելով՝ մարդիկ չեն հիշում միայն կոռուպցիա, չեն հիշում կեղծված ընտրություններ, այլ հիշում են անվտանգային միջավայր, անվտանգություն։


«Հիշում են կանխատեսելի երկիր, հիշում են մարդուն, որն այս երկրում ունի ապագա և գիտի՝ ինչ է լինելու վաղը։ Իսկ ինչ վերաբերում է նախկինում եղած վատ բարքերին, դրա մասին խոսել է նախագահ Սերժ Սարգսյանը, դրա մասին խոսել են Հանրապետական կուսակցության առանցքային դերակատարներ, և նրանք են խոստովանել, որ իրենց պաշտոնավարման ընթացքում, այո՛, եղել են վատ բարքեր, վատ սովորույթներ, վատ ավանդույթներ»,- նշեց Արթուր Վանեցյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս համատեքստում մի շատ կարևոր հանգամանք կա՝ նախկինում գործած բոլոր սխալներն ուղղելի են, ինչը չի կարելի ասել գործող իշխանությունների մասին։


«Էս իշխանությունների գործած սխալներն անդառնելի են։ Ուղղակի էն, ինչ որ արել են էս իշխանությունները, որևէ կերպ չենք կարող մենք հետ բերել։ Չենք կարող հետ բերել մեր կորցրած հայրենիքի մի հատվածը, չենք կարող հետ բերել մեր անվտանգային համակարգը, չենք կարող հետ բերել մեր զոհված, նահատակված հերոսներին, չենք կարող հետ բերել էն իրավիճակը, երբ որ մարդիկ՝ հայերը, բոլորը մեկ բռունցք եղած՝ իրար հետ պայքարում էին արտաքին թշնամու դեմ»,- շեշտեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page