Նիկոլ Փաշինյանի վերընտրումը կլինի Հայաստանի կործանումը․ Արթուր Վանեցյան

Պարտության սիմվոլ հանդիսացող վարչապետի պաշտոնակատարը, ում հանրության շրջանում ճանաչում են որպես «կապիտուլյանտ», չի կարող ներկայացնել ՀՀ շահերը։ Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ շատ մարդիկ բազմիցս ասել են, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հասկանում՝ ինչ է խոսում դաշնակիցների հետ, կա՛մ ուղղակի չի ուզում հասկանալ՝ ինչ է խոսում։ «Մարդ, ում գոյությունը մեր երկրի ղեկին բերում է անդադար պարտությունների, չի կարող ներկայացնել ՀՀ շահերը։ Ես մի բանաձևում էի տվել՝ Նիկոլ նշանակում է նոր պատերազմ, Նիկոլ նշանակում է նոր գերիներ, Նիկոլ նշանակում է նոր զոհեր։ Ցավոք, այդ բանաձևից երկուսը տեղի ունեցան»,- նկատեց նա։ Ըստ Արթուր Վանեցյանի՝ առաջացած բոլոր խնդիրներն իրենք լուծելու են աշխատանքի միջոցով։ Հարցին, թե իշխանության գալու դեպքում ի՞նչ պետք է անի «Պատիվ ունեմ»-ը, եթե օրինակ, Իլհամ Ալիևն ասի, որ չի տալիս գերիներին, դաշինքի վարչապետի թեկնածուն պատասխանեց․ «Չի կարող Ալիևը դուրս գալ ողջ աշխարհի դեմ ու ասել՝ չեմ տալիս։ Հիմա կարողանում է այդպես անել, քանի որ Նիկոլը կառչած է մնացել աթոռից, կռվում է իր իշխանությունը պահելու համար։ Եվ Ալիևը, տեսնելով, որ Նիկոլը չունի լեգիտիմություն ոչ՛ Հայաստանի ներսում և ո՛չ էլ դրսում, այդպես է վարվում»։ Արթուր Վանեցյանը վստահություն հայտնեց, որ մի գրամ անգամ չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու այս ընտրություններում։ «Նիկոլ Փաշինյանի վերընտրումը՝ որպես ՀՀ վարչապետ, կլինի Հայաստանի կործանումը»,- նշեց նա։























Comments