Հանրային տրամադրություններն ավելի խորն են, ռիսկային, քան ընտրության թվային արդյունքները․ Վանեցյան
- Aug 26, 2021
- 1 min read

Այն, ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում լրագրողների, պատգամավորների, համայնքապետերի և մյուսների հանդեպ, վախ չունենալու արդյունք է։ Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում, բայց անվախ են միայն մինչև առաջին հարվածը։
«Կրկնում եմ՝ վախ չունեն, որովհետև չեն հասկանում, որովհետև դեռ երբեք միջազգային ծանր բանաձևերի, վերպետական դատական ատյանների և այլ գործիքների հարվածները չեն զգացել»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքը երբեք չէր մտածի, որ կրկին կասի՝ «Կա՛նգ առեք»։
«Ասում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը գնում և երկիրը տանում դեպի մի նոր և վտանգավոր ծուղակ։ Այդ ծուղակի էությունը հանրային տրամադրությունների սխալ ընկալումն է և անվերապահ հաղթածի խաբկանք-հոգեբանությունը»,- նկատեց նա։
Արթուր Վանեցյանը նշեց, որ իր պարտքն է զգուշացնել՝ հանրային տրամադրությունները շատ ավելի խորն են, շատ ավելի ռիսկային, քան ընտրությունների թվային արդյունքները։
«Գուցե ձեզ վստահություն է տալիս անընդհատ ասել, թե ժողովուրդը մեզ արդեն գնատահական է տվել, մեզ է ընտրել, մեզ ներել է, մեզ սիրել է և այլն։ Զգուշացնում եմ՝ դա մեծ ծուղակ է»,- նշեց նա։
Comentários