Թալիբանը փորձելու է կապ հաստատել տարածաշրջանային խաղացողների հետ՝ Իրանի, Չինաստանի, ՌԴ-ի․ քաղաքագետ
- Aug 16, 2021
- 2 min read

Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և տարածաշրջանում դրանց ազդեցության մասին MediaHub.am-ը զրուցել է քաղաքագետ Արտյոմ Բալասանովի հետ։ Աֆղանստանը, փաստացի, հայտնվեց ահաբեկչական խմբավորման ձեռքում: Ի՞նչ կարող ենք սպասել։ Աֆղանստանում իշխանությունն անցնում է «Թալիբան» շարժման ձեռքը, որը տասնամյակներ շարունակ պայքարում էր Աֆղանստանում միջազգային ուժերի դեմ, ինչպես նաև ներաֆղանական պայքարում հաղթեց կառավարական ուժերին: Թալիբանը փորձելու է կապեր հաստատել հիմնական տարածաշրջանային խաղացողների հետ՝ Իրանի, Չինաստանի, ՌԴ-ի, Պակիստանի, որպեսզի կարողանա պահպանել և ամրապնդել իր իշխանությունն ու միջազգային լեգիտիմություն ստանա: Մի շարք երկրներում Թալիբանը համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Առաջնային խնդիրը Թալիբանի համար սեփական իշխանության ամրապնդումն է Աֆղանստանում և գերտերությունների հետ կամուրջների կառուցումն է:
Ըստ վերլուծաբանների՝ հեռու չէ այն օրը, երբ ահաբեկչական խմբավորումները կներթափանցեն Իրան և կսկսեն նաև այդ երկում անկայունություն ստեղծել։ Այդ դեպքում ի՞նչ վիճակ կարող է առաջանալ տարածաշրջանում, ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Հայաստանի վրա։
Իրանը տարիներ շարունակ պայքարում է երկրի ներսում տարբեր անջատողական շարժումների դեմ՝ ադրբեջանական, քրդական, բելուջական, արաբական, որոնք ֆինանսավորվում են Իրանի գեոպոլիտիկ հակառակորդների կողմից իրանական պետականության կազմաքանդման և թուլացման նպատակով: Իրանի անվտանգության ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների գունդն ու մյուս հատուկ ծառայությունները և ուժային կառույցները, ձեռքը պահում են զարկերակին, և Իրանի ապակայունացումն այդքան էլ դյուրին գործ չէ:
Աֆղանստանում իրադարձությունները կարող են ապակայունացնել իրավիճակն Իրանում, եթե Թալիբանը չցանկանա կառուցողական երկխոսություն սկսել Իրանի հետ կամ Աֆղանստանում սկսի հետապնդել շիական խմբավորումներին և էթնիկ խմբերին: Իրանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը շատ կարևոր են Հայաստանի համար։ Հատկապես Իրանի հյուսիսում պանթուրքական դրոշի ներքո անջատողական շարժումները ՀՀ անվտանգության սպառնալիք են: Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են կառուցել Մեծ Թուրան՝ Իրանի հյուսիսը ներառելով նոր թուրքական կայսրության սահմանների մեջ: Իրանի ապակայունացումն իր աղետալի հետևանքները կարող է ունենալ Հայաստանի վրա․ հայ-իրանական կապերի ամրապնդումը, այդ թվում՝ անվտանգային ոլորտում, բխում է Երևանի երկարաժամկետ շահերից: Արդյոք հնարավո՞ր է, որ միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մուտք գործի նաև մեր երկիր։
Թուրքիան Հարավային Կովկասում կյանքի է կոչում պանթուրանական ռազմավարությունը՝ Ադրբեջանի հետ միասնական պետություն ստեղծելու գաղափարն առաջ տանելով: 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվ ներգրավվածություն ունեցավ պատերազմում՝ աջակցելով Ադրբեջանին, այդ թվում՝ սիրիական ահաբեկչական խմբեր տեղափոխելով արցախյան հակամարտության գոտի: Թուրքիան Սիրիայում թուրքմեններից և այլ սունիական խմբավորումներից ստեղծում է իր հսկողության տակ գործող գրոհային խմբեր՝ պրոքսիներ, որոնց գործուղում է Լիբիա, արցախյան հակամարտության գոտի: Թուրքիան իր գեոպոլիտիկ նպատակներին հասնելու համար հենվում է ույղուրական, սունիական տարբեր խմբավորումների վրա՝ «proxy war»-ի շրջանակներում, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա:


























Comments