«Չեմ կարծում, որ էս իշխանություններն ինձ զենք հատկացնեն». Աշոտ Մինասյան. «Հրապարակ»
- May 14, 2021
- 2 min read

Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ում դեմ այս իշխանությունները քրեական գործ են հարուցել, այս պահին Սյունիքում է, բնականաբար, բայց մեկուսացված է բանակից ու մյուսներից, ուստի չի կարող ասել՝ ինչ է կատարվում, բանակն ինչով է զբաղված, ինչ են բանակցում։ Եվ այս ամենի ֆոնին մենք լսում ենք, որ Տիգրան Ավինյանը Գորիսում հայտարարում է,թե պետք էպատրաստ լինենք վատթարագույն սցենարի։
Մինչդեռ, այդ սցենարներին միշտ պատրաստ անձինք, ինչպիսին է, օրինակ, Աշոտ Մինասյանը, մեկուսացված է իրադարձություններից, նրան անգամ զենք չեն տրամադրում, որ հարկ եղած դեպքում գնա հայրենիքը պաշտպանելու։
«Ես տեղեկություն չունեմ, մեկուսացված եմ, ինֆորմացիա չունեմ՝ բանակն ինչ է անում, եթե ասեք՝ բանակ ունենք, ես կասեմ՝ ինչով է զբաղված բանակը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մինասյանը։
-Դե, դեռևս կարծես թե չեն ոչնչացրել բանակը, այն, ամեն դեպքում, գոյություն ունի։
-Բանակը գոյություն ունի, բայց այն, թե ինչ է կատարում բանակը, չգիտեմ, որովհետև ես մեկուսացված եմ բանակից։ Իսկ թե մենք ինչ ենք անում, ժողովուրդն ինչ է անում, ապա ժողովուրդն անտեղյակության մեջ տառապում է՝ հավատալով այս պետականակործան անհավատների լուսաբանմանը կամ լրատվությանը։
-Ասում են՝ պետք է տագնապ հայտարարվի Սյունիքում, ինքապաշտպանական ջոկատների մասին են նորից խոսում, հնարավո՞ր է՝ Ձեր ջոկատը նորից պայքարի մեջ մտնի։
-Իմ ջոկատը միշտ պատրաստ է, հիմա էլ տղաների հետ նստած՝ զրույց ենք անում, բայց չեմ կարծում, թե էս իշխանություններն ինձ զենք կհատկացնեն, որ ես գնամ իմ անելիքը կատարելու։
-Իսկ Դուք դիմե՞լ եք, ոխսե՞լ եք պատասխանատու անձանց հետ։
-Ոչ մեկին չեմ դիմել, չեմ էլ ուզում դիմել, երբ հարցը կհասնի դրան, բնականաբար, կդիմեմ համապատասխան մարմիններին, որոնք,ասենք, էստեղի գունդն է, գնդի հրամանատարությունն է կամ կորպուսի հրամանատարն է, զինկոմիսարիատն է, որպեսզի զենք հատկացնեն։ Եթե կհատկացնեն, սիրով կգնամ՝ պաշտպանելու հայրենիքը, եթե չհատկացնեն, թեկուզ բահ տան, կգնամ խրամատ կփորեմ։
-Դուք հիմա լուծումն ինչպե՞ս եք տեսնում, քանզի եթե նախկինում նման բան լիներ, եթե թշնամին հանկարծ հատեր մեր սահմանն ու մեկ մետր անգամ առաջ գար, հայկական կողմը շատ կոշտ կարձագանքեր՝ տեղում կոչնչացնեին կամ գերի կվերցնեին, իսկ հիմա քայլելով եկել մտել են մեր տարածք, ու որևէ քայլ չեն ձեռնարկել մերոնք։
-Էդտեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ սպանում են, կա՛մ գերի են վերցնում, երկուսից մեկն է լինում, էս պահի դրությամբ ճիշտ կլիներ, որ կարողանայինք շրջափակել ու գերի վերցնել, և էդ գերիներին փոխանակեինք մեր այն գերիների հետ, որոնք գտնվում են իրենց բանտերում։
-Բայց այսօր ոչ սպանել են, ոչ գերի են վերցրել։
-Իրենք դիրքային առավելություն ունեն, իրենք գագաթին են նստած, մերոնք՝ ներքևում, չեմ կարծում, թե մերոնք առավելություն ունեն,ու չեմ էլ պատկերացնում, թե ինչ կարող է կատարվել։
Comments