top of page

«Ավրորան» գրասենյակ է բացել Ստեփանակերտում


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը: IdeA հիմնադրամի հանրության հետ կապերի գրասենյակից հայտնում են, որ «Ավրորան» գրասենյակ է բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ավելի արդյունավետ դարձնելու տեղում «Ավրորայի» մարդասիրական գործունեությունը, ամրապնդելու տարածաշրջանում իր ներկայությունը եւ նպաստելու Արցախի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում։


«Ավրորան՝ Արցախին» ծրագրի միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնում է Արցախի ժողովրդին, որը 2020 թ. Արցախյան պատերազմից հետո հայտնվել է հումանիտար ծանր ճգնաժամի մեջ: Ծրագիրը, որն սկզբում ուղղված էր պատերազմից տուժած մարդկանց հրատապ օժանդակություն տրամադրելուն, այսօր աջակցում է նախագծերի, որոնք խթանում են տարածաշրջանի սոցիալական երկարաժամկետ զարգացմանը: Այս բնագավառում աշխատող եւ տեղում օգնության կարիք ունեցող ցանկացած կազմակերպություն կարող է հայտ ներկայացնել:


«Ստեփանակերտում «Ավրորա»-ի գրասենյակ ունենալը վկայում է այն մասին, որ մենք այստեղ ենք երկար ժամանակով: Տասնյակ տեղական եւ միջազգային գործընկերներ են միացել մեր ծրագրին, եւ շատ կարեւոր է, որ այդ նախագծերը տեղ գտնեն գլոբալ համատեքստում ու կապվեն Արցախի ներկա իրավիճակի հետ: Սա պարզապես գրասենյակ չէ, այլ շահագրգիռ կողմերի համար մի տարածք, ուր իրենք կարող են գալ եւ ներկայացնել իրենց փորձը՝ վստահ լինելով, որ ոլորտի բոլոր հումանիտար ջանքերը լավ համակարգված են: Համագործակցության նման բանաձեւը կարող է ոչ միայն օգնել Արցախին, այլեւ ամբողջ աշխարհում օրինակ դառնալ բոլորի համար», - նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:


Հիմնադրամից տեղեկացնում են, որ Արցախի մարդասիրական օգնության ծրագրի մեկնարկից ի վեր «Ավրորա»-ն ավելի քան 900.000.000 ՀՀ դրամ (1․740․000 ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ աջակցելու տեղական ու միջազգային 55 գործընկերոջ կողմից իրականացվող 80 նախագծի, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին: Ավելի քան 130․000 մարդ արդեն իսկ օգտվել է այդ նախագծերից: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը նաեւ ներառում է աշխարհի առաջատար մարդասերներին տարածաշրջան հրավիրելը․ 2020 թ․ պատերազմից հետո Արցախ են այցելել եզդի ակտիվիստ Միրզա Դինային եւ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնարդ Քուշները՝ տեղացիներին օգնելու նոր հնարավորություններ եւ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page