Ավանեսյանը և Ավինյանը պատվաստվել են
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով պատվաստանյութերի մասին, ասաց, որ դրանք միակ միջոցն են այս պահին վերջ դնելու այս մահերի աղետալի ընթացքին, և շուտով նաև կլինեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասերում տեղակայված կլինեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն քաղաքացիներին պատվաստմանը:

Նա նաև նշեց, որ պատվաստանյութերից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է, եթե դա համեմատում ենք Կովիդով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր վնաս հասցնելու կամ մահվան դեպքերի հետ:
Ուստի նախարարը հորդորեց մեր օրինակով ցույց տալ, որ սա կարևոր, առաջնային խնդիր է, որ պետք է լուծենք:
«Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը` ևս, ինձ շատ լավ եմ զգում, և հույս ունեմ, որ այս օրինակը վարակիչ կլինի»,-ասաց Ավանեսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց պայմանավորվել, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլորը պետք է պատվաստված լինեն: Նա նաև հայտարարեց, որ մենք այսօր ունենք Astrazeneca, Sputnik V տեսակի պատվաստանյութերը, առաջիկայում նաև Չինաստանից են պատվաստանյութ ստանալու: Ապա տեղեկացրեց, որ հակառակ Astrazeneca-ի վերաբերյալ շահարկումներին, Ավանեսյանն ու Ավինյանը երեկ հենց Astrazeneca-ով են պատվաստվել և, ինչպես երևում է, նստած են, ներկա են, նրանց հետ որևԷ արտառոց բան տեղի չի ունեցել:
Նյութի աղբյուրը՝ Հրապարակ























Comments