«Արցախը ռադ արինք, պրծանք»․ տավուշցի պապիկի հույսերն ու մեր հիասթափությունը

Տարիներ առաջ Տավուշի սահմանամերձ գյուղերում փնտրում էինք դժվար ապրող ընտանիքների, որ իրենց մասին ռեպորտաժներ պատրաստենք, հետո էլ դրամահավաք կազմակերպենք։ Նկարահանող խմբով առավոտ ծեգին ճանապարհ ընկանք։ Առաջինը Բերքաբեր գնացինք՝ հենց սահմանի բերան։ Մի ծեր տատիկի գտանք, որ հիվանդ տղայի հետ էր ապրում: Տանը միշտ քամու սուլոց կար․ պատուհանների փոխարեն ճղճղված ցելոֆաններ էին։ Ամեն ինչ հնամաշ ու կիսակոտրված էր՝ աթոռ, սեղան, դուռ, պատուհան։ Բայց կոտրված չէր նրանց ոգին։
Նկարահանումից հետո արագ հավաքեցինք իրերն ու նստեցինք մեքենան, մեկ էլ տեսնենք՝ տատիկը կանչում է, թե «Արփի ջան, հլա մի արի»։ Շուռ եկա, տեսնեմ՝ հյուսած ավելուկը ձեռքին, կարմրաթուշ խնձորներն էլ գոգնոցի փեշի մեջ հավաքած ՝ դեպի մեզ է վազում։
Հետո գնացինք Արծվաբերդ, Չինչին, Չորաթան։ Իրար հերթ չտալով՝ մեզ փախցնում, մի տնից մյուսն էին տանում, սեղան գցում, պատվում, հետո էլ տոպրակներով բերք ու բարիք դնում, ճանապարհում։ Ասում էինք՝ ախր չեք թողնում՝ աշխատենք։ Պատասխանում էին՝ «աշխատելը հա էլ կա․ եկել, մեր դուռն եք հասել, ո՞նց մի կտոր հաց չուտեք»։ Ու այսպես, ամեն մեկն իր տուն էր կանչում, այգին դատարկում սեղաններին, հյուրասիրում, հարցուփորձ անում, թե ինչ վիճակ է Երևանում, ինչ խեր-խաբար ենք բերել։ Մենք էլ պատասխանում ու իրենց էինք լսում՝ ոնց են ապրում թուրքի նշանառության տակ, ինչի կարիք ունեն ու ոնց են պահում գյուղի սահմանները։ Մեկը մյուսից առյուծ կտրած՝ մեզ վստահեցնում էին, որ քանի իրենք կան, թուրքը ու՞մ շունն է, որ քշի իրենց իսկ հողից։
Գիշերը մնացինք Արծվաբերդում։ Ես մի քիչ մրսած էի, լավ չէի զգում․ տան տատիկն իր քաշած հոնի օղին պահարանից հանեց, ասեց՝ մի քանի կում որ անես, առավոտ լրիվ առողջ կարթնանաս։ Առավոտյան աչքերս բացեցի աքաղաղի կանչից, սառը անուշ օդից ու տատիկի՝ նախաճաշի պատրաստության չըխկչըխկոցից։ Նախաճաշելիս հասկացա, որ էլ հիվանդ չեմ։ Ճանապարհ ընկանք՝ մեքենայի բեռնախցիկը լիուլի․ ով ինչ այգուց հավաքել, մեզ համար բաժին էր դրել։
Այս կիրակի նորից Տավուշ էինք գնացել։ Մի քանի տարի չէինք եղել այդ կողմերում։ Գյուղերում՝ ամայություն, մարդիկ՝ անտարբեր, անցնող-դարձողի վրա՝ աչք անգամ չթարթող։ Գյուղապետարանների մոտ օրը ցերեկով հավաքված պարապ-սարապ տղամարդիկ աչքերը թարս պտտում ու քչփչում էին իրար ականջի, թե ովքեր են սրանք։ Հարցերին պատասխանում էին դժկամորեն, վրա տալով, ամեն հարցի տակ մտասևեռուն հետևողականությամբ ենթատեքստ փնտրելով։
Գյուղերից մեկում տարան մանկապարտեզը ցույց տալու։ Բողոքեցին, որ մինչև դուռը 2-3 մետրանոց հողաշեն ճանապարհ է, որն անձրևների ժամանակ ցեխ է դառնում։ Զարմացանք, որ թեկուզ ժամանակավոր իրենց ուժերով մի երկու տախտակ չեն գցել, որ երեխեքի ոտքերը ցեխի մեջ չկորչեն։ Բայց չբողոքեցին, որ թշնամու դիտակետերը նայում են ուղիղ ճաշարանի պատուհաններին, որոնց տակ պստիկները օրը երեք-չորս անգամ նստում, ծիծաղով ու թոթովանքով հաց են ուտում։
Երբ հարցրինք՝ անկլավների հետ կապված ինչ եք մտածում, մանկապարտեզի պահակը, հայացքը փախցնելով, ասաց՝ դա մեր գյուղի հետ կապ չունի։ Մյուսներն էլ վրդովվեցին, թե «դրանք սուտ լուրեր են, մի՛ հավատացեք»։ Մյուս պապիկն էլ, որ արևի տակ հացի տոպրակը ձեռքին խանութից տուն էր գնում, աչքի տակով էլ մեզ տնտղում, ասաց՝ «դե մի բան մենք կտանք, մի բան՝ իրանք, կարևորը՝ Արցախը ռադ արինք, պրծանք, դրանց փորացավն Արցախն էր, հեն ա, տվեցինք, պրծանք»։ Ալեհեր, իմաստության տարիքին հասած, մի բան էլ հատած պապիկը համոզում էր, որ վերջին 3 տարիներին կրակոց չկա, «Նիկոլն ու Ալիևը հեռախոսով պայմանավորվել են, որ չկրակեն»։
Տավուշից վերադառնալիս լուռ նայում էի սիրունությունից շունչ կտրող սարերին, որոնց մյուս կողմում թուրքը, մատը՝ հրացանի ձգանին, ամեն րոպե սպասում է հրամանի։ Իսկ սարերից այս կողմ տղամարդիկ, գյուղամեջում նստած, ուրախանում են, որ գիշերը գյուղի փողոցներն արդեն լուսավոր են։ Դրանից, ենթադրում եմ, թուրքն էլ ուրախացած կլինի․ դե՜, էլ աչք չեն քոռացնի նշան բռնելիս։
Հեղինակ՝ Արփի Հարությունյան























Comments