Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները հայտնի են. «Sputnik Արմենիա»
- Sep 7, 2021
- 1 min read

Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ գերիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։ Վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն են։ Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունն ավելի ուշ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Թորոսյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ԶՈւ N զորամասից են։ Նրանց հետ կապը կորել է հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ են կատարել։ Ըստ ՊՆ-ի՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը եղել են առանց զենքի։
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, որն իր առաքելությունն ավարտում է Արցախում։ Ըստ տեղեկությունների՝ նախարարի հետ հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտը մեկնել էր Բաքու։
Ռազմագերիների վերջին խումբը Հայաստան է վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։


























Comments