Սիրիայի նախագահական ընտրություններում վերընտրվելու ամենամեծ շանսերն ունի Բաշար Ասադը. վերլուծական
- May 21, 2021
- 2 min read

Սիրիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 51 թեկնածու, սակայն երկրի Բարձրագույն սահմանադրական դատարանը հաստատել է միայն 3 թեկնածուի հայտը:
Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադից բացի ընտրություններին կմասնակցեն նաև Սոցիալիստական կուսակցությունից Մահմուդ Մարեյը և Աբդուլահ Աբդուլահը, ով նախկին նախարար է և Ժողովրդական խորհրդի նախկին պատգամավոր: Վերջին երկուսը ներկայացնում են ընդդիմությունը, ովքեր կփորձեն հաղթել գործող նախագահ Ասադին:
Սիրիայում տարիներ շարունակ քաղաքացիական պատերազմ է ընթանում, ինչին ավելացել է արտաքին ուժերի, մասնավորապես, Թուրքիայի ներխուժումն ու Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիան: Սոցիալ-տնտեսական, ռազմական բարդ իրավիճակի, մեծ արտագաղթի պայմաններում նախընտրական քարոզարշավ իրականացնելն ու տնտեսական խոստումներ տալը բավականին բարդ է:
Այս ընտրություններում հաղթելու հիմնական շանսն ունի գործող նախագահ Բաշար Ասադը, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Նախ՝ ընդդիմությունը թույլ է և ոչ միասնական, հանրությանը քիչ հայտնի, վարչական, ֆինանսական լծակների չի տիրապետում:
Ինչ վերաբերում է Ասադին, ապա նա ունի բարձր վարկանիշ առաջին հերթին պատերազմում տարած հաջողությունների շնորհիվ: Սիրիայի ընդդիմությունը, Արևմուտքն ու այլ խաղացողներ հույս ունեին, որ քաղաքացիական պատերազմի արդյունքում Ասադն ու ընտանիքը փախչելու են Սիրիայից կամ սպանվելու են, սակայն Ասադը չփախավ՝մնաց սեփական ժողովրդի կողքին, անգամ այն օրերին, երբ մարտեր էին ընթանում արդեն մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում:
Հանրային գիտակցության մեջ Բաշար Ասադը Սիրիայի թշնամիների դեմ պայքարող առաջնորդ է: Չմոռանանք, որ Սիրիայում տասնամյակներ շարունակ ձևավորվել էր ալևիների ազդեցիկ կլանը, որի անդամները Բաշար Ասադի և նրա հոր՝ Հաֆեզ Ասադի օրոք Սիրիայում զբաղեցրել են կարևորագույն քաղաքական, ռազմական, տնտեսական պաշտոնները:
Սիրիայում պատերազմը չի դադարում և այս պայմաններում հնարավոր չէ խոսել դասական նախընտրական քարոզարշավի և քաղաքական գործընթացի մասին: Սիրիայի որոշ տարածքներում ինքնավարություն են ստեղծել քրդերը, մի մասն՝ Իդլիբն օկուպացված է թուրքական զորքերի կողմից:
Ասադն ընտրություններում շեշտը դնելու է անվտանգության խոստումների և տնտեսական վերականգնման վրա: Սիրիայում այսօր ահռելի ռազմաքաղաքական, տնտեսական ազդեցություն ունեն ՌԴ-ն ու Իրանը, որոնց համար Բաշար Ասադը նախընտրելի, կանխատեսելի թեկնածու է:
Արտաքին խաղացողներից Իրանի և ՌԴ-ի համար Ասադը նախընտրելի թեկնածու է, իսկ Արևմուտքի համար Ասադը՝ persona non grata է, ում նկատմամբ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել: Արևմուտքն ամենայն հավանականությամբ չի ճանաչելու Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքները՝ Ասադի կանխատեսելի հաղթանակը, ինչն ավելի է սերտացնելու Ասադի կապերը ռուսական և իրանական կողմերի հետ:


























Comments