ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանին զարմացրեց՝ ԲՀԿ-ի՝ ընդդիմությանը չմիանալու մասին հարցը

ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն այսօր զարմանքով արձագանքեց MediaHub.am-ի հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ ԲՀԿ-ն չի միանալու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայաստան» խմբակցության ակցիաներին։
Արման Աբովյանը նշեց, որ նման տեղեկության ինքը չի տիրապետում, անգամ ծանոթ չէ ընդդիմության հայտարարությանը։
Մեր դիտարկմանը, որ տելեգրամյան ալիքներն ակտիվ տարածում են այդ ինֆորմացիան, Արման Աբովյանը, նախ, խնդրեց նշել, թե որ ալիքների մասին է խոսքը, ապա ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու տեղեկությանը։
Րոպեներ անց Աբովյանը մեզ հետ կապ հաստատեց։ «Քաղաքական խաղեր են»,- ասաց նա, ապա հավելեց՝ «երևի նիկոլոկան ֆեյքերն են գործի անցել»։
Ավելի ուշ մամուլը հրապարակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը, որը եղել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ հանդիպումից հետո։
Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա:
«ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է, կառուցողական, ոչ թե այսօր ինչ-որ... այսօր մենք էս երկրում ենք ապրում: Այսօր ցանկացած մարդ պետք է կարողանա իր հնարավորություններն օգտագործի՝ ի օգուտ իր երկրի, ժողովրդի: Ոչ թե մի վատ բան լինի, ուրախանաս: Այս երկրում ապրողը ուրախանում է տնտեսության հզորացմամբ, պետության հզորացմամբ»,- ասել է նա։























Comments