Երևանում վարձով բնակարանների գները սկսել են նվազել
- Jun 19, 2021
- 1 min read

Երևան քաղաքում բնակարանների գնորդների ու վարձակալների քանակը կտրուկ նվազել է, իսկ գները՝ բարձրացել։ Այդ հանգամանքը պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքների և հետպատերազմական շրջանի, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ։ MediaHub.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց անշարժ գույքի գործակալ Հայկը։
«Օրավարձով բնակարանների պահանջարկը մեծանում է տուրիստական հոսքերին զուգահեռ, սակայն այժմ մարդիկ խուսափում են Հայաստան գալուց՝ սպասելով ընտրական պրոցեսների ավարտին»,- ասաց նա։
Վերջինս, սակայն, նշում է, որ ձմռան ամիսներով պայմանավորված՝ պասիվությունից հետո որոշակի շարժ կա բնակարանների վարձակալության շուկայում։
«Շուկայում գները կայունանում են, քանի որ հիմնական վարձակալներն ուսանողներն են, որոնք ամռանը մարզեր են վերադառնում, և շուկայում բնակարանների առաջարկը սկսում է գերազանցել պահանջարկին, ինչն էլ հանգեցնում է բնակարանների վարձակալության արհեստական բարձրացված գնի նվազմանը»,- ասաց Հայկը։
Հարցին՝ այսօր Երևանում ի՞նչ գնով հնարավոր կլինի բնակարան վարձել, նա նշեց.
«Ծայրամասերում կարելի է 1-2 սենյականոց բնակարանը վարձակալել անգամ 70 հազար դրամով, բայց պետք է հասկանալ, որ այստեղ խոսք կարող է գնալ մինիմալ հնարավորություններով բնակարանի մասին, իսկ հարմարավետ բնակարաններ հնարավոր է վարձակալել նույն տարածքում՝ սկսած 100 հազար դրամից։ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների գները միշտ եղել են անհամեմատ բարձր, իսկ բարձր գին ունեցող բնակարանների դեպքում գինը էապես չի փոխվել, հիմնականում էժան բնակարանների գներն են բարձրացել»։
Խոսելով հողատարածքների վաճառքի գների մասին՝ նա նշեց, որ այս պահին մեծ պահանջարկ կա Երևանի մերձակա շրջանների հողատարածքների հանդեպ։ Հայկի խոսքով՝ մարդիկ ձգտում են առանձնատներ կառուցել Երևանից ոչ հեռու։ Մեծ հետաքրքրություն կա Աբովյանի, Արգավանդի, Եղվարդի ու Զովունիի հողատարածքների հանդեպ։


























Comments