Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարարին
- Aug 6, 2021
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին՝ նախարարի պաշտոնում իր գործունեության համար՝ ընդգծելով, որ վերջինիս հետ կքննարկեն հետագա համագործակցության ճիշտ և արդյունավետ ձևաչափ գտնելու հարցը:
Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն այնուհետև շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և խոսել նշանակման հետ կապված մամուլում հնչած արձագանքների մասին. «Պարոն Խաչատուրյանն այն սերնդի ներկայացուցիչն է, ովքեր Կարեն Դեմիրճյանի առաջնորդության ժամանակներում անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի արդյունաբերականացմանը: Եվ ուզում եմ ընդգծել այս համատեքստը, որ խորհրդային ժամանակներում՝ 70-ականներին և 80-ականներին, Հայաստանի Հանրապետությունն, իրոք, այն ժամանակվա չափանիշներով եղել է բարձր արդյունաբերական երկիր»:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, չնայած այսօրվա միջավայրն էականորեն տարբերվում է այն ժամանակվա միջավայրից, այնուամենայնիվ նախարարության ստեղծման նպատակը եղել է նաև Հայաստանը բարձր արդյունաբերական երկիր դարձնելը:


























Comments