Արցախում աճել են հանրային վտանգավորությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների թիվը
- May 29, 2021
- 1 min read

Արցախում այս տարվա առաջին չորս ամիսներին գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 82 դեպք, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 111 անձ, մահացել` 5-ը: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ըստ Արցախի դատախազության իրականացրած ուսումնասիրության՝ նախորդ չորս ամիսների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժողների թվում 45-ը տրանսպորտային միջոցների վարորդներն են, 60-ը` ուղևորները, 11-ը` հետիոտները:
«Ինչպես նկատելի է ներկայացված վիճակագրությունից` որպես կանոն առավել հաճախ տուժում են ուղևորները և վարորդները»,- նշում է դատախազությունը՝ հավելելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերին առնչվել է ընդհանուր 115 վարորդ: Ճանապարհատրանսպորտային պատահարներում ներգրավված է եղել 107 մարդատար և 9 բեռնատար մեքենա:
«Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հիմնականում տեղի են ունեցել վարորդի կողմից անսթափ վիճակում վարելու, արագությունը գերազանցելու, տրանսպորտային միջոցներն անսարք վարելու հետևանքով»,- հայտնում են Արցախի դատախազությունից՝ եզրահանգելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է հանրային վտանգավորություն ներկայացնող ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանից տուժած անձանց թվի աճ, ինչը դատախազությունը խիստ մտահոգիչ է համարում:
Comments