ՀՅԴ-ն հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին․ Դաշնակցության հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո ՀՅԴ նորընտիր Գերագույն մարմնի անդամների մամուլի ասուլիսին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հնչեցրեց Գերագույն ժողովի հայտարարությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական եւ անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական եւ հետընտական գործընթացները, երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը
արձանագրում է, որ՝
v Խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տեւական ժամանակ շարունակվող քաղաքական եւ ներհասարակական ճգնաժամը։
v Երկիրը պարտության հասցրած իշխանությունը, հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, կեղծիքները, հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկացնելու բոլոր անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչը լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության եւ պետականության համար։
v ԱԺ արտահերթ ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գործընկերների հետ ձեւավորեց «Հայաստան» դաշինքը, իր բազմահազար նվիրյալ շարքերով վճռական մասնակցություն ունեցավ ընտրապայքարին, իսկ «Հայաստան» դաշինքը դարձավ այս իշխանությունների իրական եւ գլխավոր այլընտրանքը։
v Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձազերծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների եւ հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը։
v Վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝
Հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրեւ արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։
Հիմք ընդունելով «Հայաստան» դաշինքի համագործակցության Հռչակագիրը, կարեւորելով եւ գնահատելով Դաշինքի ձեւավորումը ու շարունակվող սերտ եւ արդյունավետ համագործակցությունը՝ հարգանքի եւ վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ։
Հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին։
Վճռականորեն հակազդելու է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ ինքնիշխանությունը վտանգող գործընթացներին, ՀՀ զինված ուժերի կազմաքանդմանն ուղղված եւ ազգային-հոգեւոր հաստատությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող՝ օրվա իշխանությունների քողարկված եւ բացահայտ քայլերին ու գործողություններին։
Գործադրելու է բոլոր ջանքերը հանրային համախմբվածության ամրապնդման, ապազգային, հակապետական դրսեւորումների դեմ ազգային դիմադրական ցանցային շարժում ձեւավորելու ուղղությամբ։
Մշտապես ուշադրության ներքո է պահելու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծման հարցերը։
Ընդդիմանալու է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ խզում առաջացնելու եւ պառակտում սերմանելու, կայացած ավանդական կառույցների դերակատարության նսեմացման փորձերին։
ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, Հայոց բանակը, մեր ժողովրդի ապագան վտանգի մեջ են։























Comments