Դիերը եղել են նեխած՝ փափուկ հյուսվածքների և ներքին օրգանների բացակայությամբ․ դատաբժիշկ

Մինչ օրս 3500-ից ավելի դիերի և մասունքների փորձաքննություն է իրականացվել Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնում։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնեց դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանը։ Նրա խոսքով՝ իրականացվել են բարդագույն փորձաքննություններ ամբողջովին մասնատված, աուտոլիտիկ նեխային կազմափոխման ենթարկված դիերի հետ։ Ինչ վերաբերում է Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցած միջադեպին, ապա Արմեն Գևորգյանն ասաց, որ այդ դեպքի առնչությամբ արդեն իսկ առողջապահական գերատեսչությունը մանրակրկիտ պարզաբանումներ է տվել, հարուցվել է քրեական գործ, այժմ նախաքննություն է իրականացվում։ «Պատերազմական իրավիճակը նախատեսում է ոչ ստանդարտ աշխատաոճ, և աշխարհի որևէ առաջադեմ երկիր պատրաստ չէ դատաբժշկական փորձաքննությունների ասպարեզում իրագործել իր նորմավորված փորձաքննություններից հարյուրավոր անգամ ավելի փորձաքննություն։ Սա ֆորսմաժորային վիճակ էր»,- ներկայացրեց նա։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը նշեց, որ իրենք չեն աշխատել թարմ դիերի հետ, այլ գործ են ունեցել ռազմի դաշտում թողնված, արևի տակ մնացած, կենդանիների կողմից քայքայման ենթարկված, թաղված և արտաշիրիմված դիերի հետ։ «Մենք թարմ դիեր ենք ունեցել միայն պատերազմի առաջին օրերին։ Դրանից հետո դիերը եղել են արևի, կենդանիների, որդերի ու թրթուրների ազդեցության տակ։ Մենք ոչ մի թարմ դիակի հետ չենք առնչվել»,- ասաց նա։ Ըստ դատաբժշկի՝ իրենց մոտ տարված դիերը եղել են ամենածանր աուտոլիտիկ նեխման վիճակում՝ փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայությամբ։























Comments