top of page

3 նոր վարույթ՝ ԲԴԽ անդամների դեմ. Ռուբեն Վարդազարյանի շուրջ օղակը սեղմում են

  • May 14, 2021
  • 2 min read

ree

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 նոր վարույթ է հարուցել, այս անգամ ԲԴԽ անդամների նկատմամբ։


Մեզ հայտնի դարձավ, որ վարույթներից մեկը վերաբերում է ԲԴԽ նախագահ, այժմ լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանին։ Ընդ որում՝ կարգապահական վարույթ հարուցվել է նույն հիմքով, ինչով այժմ քրեական գործ է հարուցված եւ որի շրջանակներում հարցաքննվել է Վարդազարյանի կինը։ Ստացվում է, որ նույն արարքի համար եւ քրեական գործ են հարուցում, եւ կարգապահական վարույթ հարուցում, այսինքն՝ ընտրություններին ընդառաջ իշխանությունները օղակը փորձում են այնքան սեղմել, որ Վարդազարյանը հրաժարականի դիմում գրի։


Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր դեմ վարույթ է հարուցվել եւ ուղարկվել ԲԴԽ։ «Հայաստանի նորագույն պատմության մեջ նման խայտառակ ապօրինություն դժվար է հիշատակել, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բացառապես հաշվապահներ են նստած եւ ոչ մի իրավաբան չկա։ Նույնիսկ իրենց ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը չեն կարդացել եւ չեն ուսումնասիրել»։ Դիտարկմանը, թե այս քայլով չեն փորձում հասնել հրաժարականի դիմում ներկայացնելուն՝ Վարդազարյանը համաձայնեց եւ հավելեց. «Ջհանգիրյանին խիստ նյարդայանցնում է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը եւ իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այդ կարգավիճակից վերջինս հնարավորինս շուտ դուրս գա։


Միանշանակ չեմ գրելու հրաժարականի դիմում, պայքարելու եմ իմ ողջ գործիքակազմով, հավատում եմ Հայաստանում հիվանդ, բայց մինչեւ վերջ չկոտրված դատաիրավական համակարգին ու հույս եմ հայտնում, որ օրերից մի օր արդարությունը կվերականգնվի։ Ու եթե ես ինքս չհավատայի մեր դատական համակարգին, ապա անիմաստ կհամարեի իմ 20 տարվա գործունեությունը»։


Նշենք, որ մյուս երկու վարույթները եւս ԲԴԽ անդամների դեմ են, մեկը՝ դատավոր Անի Մխիթարյանի, մյուսը՝ իրավաբան-գիտնական Վիգեն Քոչարյանի։ Անի Մխիթարյանը, ի դեպ, վերջին նիստերի ժամանակ դեմ էր քվեարկել թե Վարդազարյանի լիազորությունների կասեցման միջնորդությանը, թե դատավոր Կարինե Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելու հարցին, պարզ է դառնում, թե ինչու են ցանկանում «պատժել» դատավորին։ Իսկ թե որ «մեղքի« համար են փորձում պատժել Վիգեն Քոչարյանին՝ հայտնի չէ, գուցե «ֆոն են ստեղծում»։


ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ նյութերը չի ստացել, նյութերը ստանալուց, ուսումնասիրելուց հետո միայն կարող է ասել, թե ում նկատմամբ և ինչ հիմքով են հարուցված վարույթները, այս պահին միայն մոտավոր պատկերացում ունի։

Դատավոր Անի Մխիթարյանը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Վիգեն Քոչարյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցերին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն էլ խնդրեց օրվա ավարտին զանգահարել։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page