Նանե Արզումանյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու գործն ուղարկվել է դատախազություն
- May 25, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել լրագրող Նանե Արզումանյանը՝ մայիսի 9-ին «Եռաբլուրում» իր նկարահանած տեսանյութի պատճառով սոցիալական ցանցերում իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ, ինչի մասին մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ոստիկանություն։
MediaHub.am-ը հարցում էր արել ոստիկանության լրատվական բաժին, պարզելու, թե ստացվել է արդյոք ՄԻՊ դիմումը և ի՞նչ գործողություններ են կատարվում։
Մեր հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնել են․ «Մայիսի 14-ին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից ոստիկանություն գրություն էր ստացվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել լրագրող Նանե Արզումանյանը՝ մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իր լրագրողական գործունեության ընթացքում նկարահանած տեսանյութի առնչությամբ սոցիալական ցանցի կեղծ և իրական մի շարք օգտատերերի կողմից իրեն թիրախավորելու, վիրավորական և սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ հասցեագրելու վերաբերյալ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով՝ 24.05.2021թ. որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին և օրինականությունը ստուգելու նպատակով ուղարկվել դատախազություն»։
Comments