top of page

44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի մանուկներին ու մայրերին իր թևերի տակ առավ հենց Երևանը․ Սարգսյան

  • Oct 9, 2021
  • 1 min read


Պաշտոնական Երևանը շարունակում է արցախահայության՝ սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացման առաջամարտիկը մնալ: Այդ մասին Երևանի տոնի առիթով ասված շնորհավորական իր խոսքում նշել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:


Ֆեյսբուքի իր էջում քաղաքապետը գրել է.

«Այսօր ազգովի նշում ենք համայն հայության մայրաքաղաքի՝ Երևանի օրը: Էրեբունի-Երևանը հիրավի աշխարհի ամենահինավուրց, ամենաինքնատիպ ու ամենագրավիչ քաղաքների թվում է:

Այստեղ ամեն շենքը, նույնիսկ ամեն քարն իր պատմությունն ունի: Մեր վարդագույն քաղաքը միշտ էլ եղել է հայերիս սրբություն սրբոցը, ապավենն ու հայի՝ հազարամյակների կենսագործունեության վկան: Երևանը նաև համահայկական օրակարգը ձեւավորելու դարբնոցն է, կենտրոնը, որտեղ ամեն հայ իր դժվար պահին կարող է հույս ու հենարան ունենալ: Ուստի տրամաբանական է, որ մեր ժողովրդին պատուհասած 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի մանուկներին ու մայրերին իր թևերի տակ առավ հենց Երևանը՝ մեր Մայր Հայաստանի մայրաքաղաքը:


Այսօր էլ Երևանը շարունակում է հանգրվան լինել տեղահանված հազարավոր արցախցիների համար: Այսօր էլ պաշտոնական Երևանը շարունակում է արցախահայության՝ սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացման առաջամարտիկը մնալ: Բոլոր ստեփանակերտցիների և անձամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում Երևանի քաղաքային իշխանություններին իմ լավ ընկեր Հայկ Մարությանի գլխավորությամբ այն հոգատարության և սրտացավության համար, որ ցուցաբերվել է թե՛ նախապատերազմյան, թե՛ պատերազմական և թե՛ հետպատերազմյան օրերին:


Վստահ եմ, որ հայկական զույգ հանրապետությունների գլխավոր քաղաքների միջև համագործակցության խորացումն ավելի կամրապնդի և՛ մեր պետականությունների հիմքերը, և՛ աշխարհասփյուռ հայության հավատն առ միացյալ հայրենիք: Հավատում եմ, որ մեր նվիրական երազանքների օրերը դեռ առջևում են։ Տոնդ շնորհավո՜ր, հայերիս ինքնության քաղաք Էրեբունի-Երևան: Ուր էլ որ կանք ու կլինենք, աղոթելու ենք քո խաղաղ այգաբացների ու լուսավոր օրերի համար»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page