Երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել. Դավիթ Գալստյան
- Jun 19, 2021
- 1 min read

Դավիթ Գալստյանն այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Այսօր նախ ադրբեջանական, այնուհետև նաև հայաստանյան մամուլով տարածվեցին տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանի Հանրապետության դատախազությունը իմ նկատմամբ հարուցել է քրեական գործ՝ մաքսանենգ օդային ճանապարհով ապօրինի զենք-զինամթերք մատակարարելու դեպքի առթիվ. այդ գործով ինձ ներգրավվել են որպես մեղադրյալ և հայտարարել միջազգային հետախուզում։
Կարծում եմ՝ բոլորի համար պարզ են նշված քրեկան գործի շինծու հիմքերը և դրա նպատակները։
Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ ես երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել: Բոլոր մատակարարումները կատարվել են զենքի առևտրային հարաբերություններում գործող միջազգային պահանջների և չափորոշիչների խստիվ պահպանմամբ։ Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, իրավապահ համակարգը շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ սահմանափակելով իմ ազատ տեղաշարժման իրավունքը։ Այս ամենից իհարկե չէր կարող չօգտվել Ադրբերջանը, որը փորձ է անում նաև իր կեղտոտ խաղերի և ծուղակների մեջ ներքաշել հայ խոշոր գործարարներին՝ թիրախավորելով հայկական բիզնեսը արտերկրում։
Անկախ իմ նկատմամբ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում իրականացվող ապօրինի քրեական հետապնդումներից և ճնշումներից՝ ես հրապարակային հայտարարում եմ, որ շարունակելու եմ անմնացորդ նվիրումով ծառայել իմ հայրենիքին, իմ հնարավորությունների ամբողջ ներուժով նպաստել հայրենիքիս հզորացմանը»։


























Comments