top of page

Սիրելի՛ մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, ձեր հաղթանակը Հայաստանի հաղթանակն է․ ԿԳՄՍ նախարար



ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի առթիվ։


«Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ: Մարզաշխարհի այդ կարևորագույն իրադարձությանը պատրաստվում էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակը, ի թիվս այլ իրադարձությունների, կանխեց այս միջոցառումը ևս:

Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, ավելի քան երբևէ, մղում են մեզ միասնականության ու նոր հաղթանակների կերտման:


Սիրելի՛ մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք: Թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը, թող ձեր մրցելույթները լինեն մարզաձևին բնորոշ գեղեցկությամբ և մարզիկներին հատուկ ներքին ազատությամբ. սրանք են դեպի հաղթանակ տանող ճանապարհները:


Մեր 17 մարզիկներից ոմանք առաջին անգամ են մասնակցում Օլիմպիական խաղերին, իսկ ոմանք փորձառու են. երկու դեպքում էլ թող հաստատակամությունն ու վճռականությունն ուղեկցեն ձեզ դեպի օլիմպիական բարձունք:


Մեկ անգամ չէ, որ հայկական դրոշը ծածանվել է՝ ի պատիվ հաղթանակի, մեկ անգամ չէ, որ մեր մարզիկների անունները հնչել են որպես հաղթանակածի. վստահ եմ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ որպես մարզաշխարհում հաղթանակների նվաճման գագաթ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու ևս մեկ առիթ է: Մեր մարզիկներին մաղթում եմ ոգու ամրություն, գեղեցիկ ելույթներ և օլիմպիական բարձունքի նվաճում. ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է»,- նշված է ուղերձում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page