Ցանկացած դիվանագետի համար պատիվ է ՀՀ-ում դեսպան լինելը. Ֆրանսիայի դեսպանը և Դումանյանը հանդիպել են
- Oct 12, 2021
- 1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը:
«Ես մեծապես կարևորում եմ մեր երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահ եմ, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը բավականին արդյունավետ և սերտորեն համագործակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ»,- ողջունելով դեսպանին՝ ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի, տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ : Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել են Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության և Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղման հարցերը: Վահրամ Դումանյանը փաստել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել առաքելության իրականացմանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին նշել է, որ ցանկացած դիվանագետի համար մեծ պատիվ է Հայաստանում դեսպան լինելը.
«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները շատ հագեցած օրակարգ ունեն, հետևաբար ես կանեմ հնարավորը՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցությունն առավել խորացնելու համար»:
Կողմերն անդրադարձել են ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին, որը կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև Երևանում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի, ինչպես նաև որպես կրթական և հետազոտական ներդրումային ծրագրեր իրականացնող բուհ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանման, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, սպորտի ոլորտում հնարավոր համագործակցության և այլ հարցերի:


























Comments