top of page

Աղաջանյանը կարևորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ԵԽԽՎ բարձր գնահատականը

Nov 4, 2021
1 min read


Նոյեմբերի 3-ին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Հանդիպմանը հեռավար ձևաչափով մասնակցել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:


Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրում զգալի բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարումը, ինչը ենթադրում է բարեփոխումներ դատական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցերում, ոստիկանությունում և այլ ոլորտներում:


Էդուարդ Աղաջանյանն արժևորել է Վեհաժողովի կողմից 2021թ. հունիսին մեր երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումը և տրված բարձր գնահատականը: Նշվել է, որ Հայաստանի բնակչությունը մանդատ է տվել Կառավարությանը` շարունակելու բարեփոխումների օրակարգը: Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ հայ խորհրդարանականները նշել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն Ադրբեջանը, սանձազերծելով 2020 թվականի 44-օրյա պատերազմը, խախտել է այդ պարտավորությունը:


Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ օրենսդիրներն ընդգծել են, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:


Էդուարդ Աղաջանյանն արժևորել է ԵԽ դիրքորոշումը թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ դրանից հետո՝ ընդգծելով, որ հայտարարությունները եղել են անաչառ և կառուցողական: Նա հույս է հայտնել, որ օգտագործելով դիվանագիտական եւ քաղաքական գործիքները՝ կառույցի գործընկերները կստիպեն Ադրբեջանին՝ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ:


ԱԺ պատգամավորները կարևորել են նաեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւի ընդունումը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page