top of page

Քննարկվել են գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն ու ոռոգմանն առնչվող հարցերը

Jul 20, 2021
1 min read

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 20-ին կազմակերպել էր քննարկում՝ նվիրված գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն, ինչպես նաև ջրախնայողության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։ Հանդիպմանը մասնակցում էին Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, մարզպետարանների գյուղվարչության պետեր, ՋՕԸ-երի մարզային և համայնքային ներկայացուցիչներ և ոլորտի այլ պատասխանատուներ։


«Մեր հանդիպման հիմնական նպատակն է նախևառաջ ճշտել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքները, կազմել համապատասխան համայնքների ցանկը և այդ հողատարածքներում աճեցվող մշակաբույսերը, որպեսզի առաջիկայում առաջարկվող մեր լուծումները լինեն նպատակային, արդյունավետ և կիրառելի։ Հանդիպման մյուս նպատակն է համատեղ քննարկել և գտնել լուծումներ՝ գյուղատնտեսական նշանակության գերնորմատիվային հողերի ոռոգման համար»,- հանդիպման սկզբում նշել է Արման Խոջոյանը։


Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս ոլորտն արդիականացման խիստ կարիք ունի և գերնորմատիվային հողատարածքներ ունեցող համայնքների ճշգրտումն այս ուղղությամբ իրականացվող առաջին քայլն է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողերի չափորոշիչները, ոռոգման առավել նպատակահարմար եղանակներն ու ոռոգման ռեժիմի հաշվարկի մեթոդաբանությունը։


Անդրադարձ է կատարվել գերնորմատիվային հողատարածքների սեփականատերերին ջրի ծախսի փոխհատուցմանը, օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրմանը, ջրաբաշխման ընթացքում առաջացող մի շարք խնդիրների։ Ներկայացվել են առաջարկներ՝ բարձրացված հարցերի հնարավոր լուծումների վերաբերյալ։


Ոռոգման ոլորտին անդրադառնալով՝ նախարարի տեղակալը կարևորել է հատկապես ոռոգման արդիական համակարգերի ներդրումը, ինչը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, այլև ֆերմերների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։


Արման Խոջոյանի առաջարկով՝ մասնակիցները պայմանավորվել են մինչև այս տարվա օգոստոսի 1-ը հավաքագրել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների և այդ հողատարածքներում աճեցվող մշակաբույսերի վերաբերյալ բոլոր տվյալները և ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հետագայում համապատասխան հայեցակարգ մշակելու նպատակով։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page