top of page

Պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների ինքնահրաժարականի պահանջներն անօրինական են. Էմին Երիցյան

Jun 30, 2021
1 min read



Տարբեր քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների կողմից առանձին համայնքների ղեկավարներին ներկայացվող ինքնահրաժարականի հրապարակային կամ ուղիղ պահանջներն անօրինական են, հարվածում են ժողովրդավարության արժեքներին ու սկզբունքներին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Նա նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնական գործադիր իշխանության մաս չեն կազմում, նրանք չեն փոխվում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով։

Երիցյանը ընդգծել է, որ համայնքների ղեկավարները, ավագանու անդամները քաղաքական պաշտոնյաներ են, ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումներում. «Քաղաքական հայացքների ու կողմնորոշումների հիման վրա ինքնահրաժարականի պահանջները կամ հրապարակային հայտարարությունները խտրական մոտեցում են, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողություններ են։ Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններից առաջ հրաժարականները կհանգեցնեն ընտրովի մարմինների փոխարեն համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման, ինչը, ըստ էության, համարժեք է նման համայնքներում տեղական ինքնակառավարման դադարեցման, փոխարենը պետական կառավարում մտցնելուն։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը տեղական ինքնակառավարումը երաշխավորում է ՀՀ ամբողջ տարածքում»։

Համայնքների միության նախագահի խոսքով՝ 1996 թվականից սկսած բոլոր կառավարությունները տրվել են օրենսդրորեն կամ ադմինիստրատիվ ճանապարհով ՏԻՄ-երի նկատմամբ տոտալ վերահսկողություն հասնելու հրապույրին։ Ըստ նրա՝ դա անցած 25 տարիներին համայնքների՝ ֆինանսապես թույլ, պետությունից կախված մնալու, երկրում ապակենտրոնացման ցածր մակարդակի պահպանման պատճառներից մեկն է եղել. «Բայց, միաժամանակ, անցած տարիներին հաջողվել է հասնել համայնքների ինքնուրույնության ու պաշտպանվածության որոշակի մակարդակի։ Երևան քաղաքի պարագայում (որտեղ քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից և իր կազմից) քաղաքական մեծամասնությանը կոչ եմ անում հարգել Երևանի ավագանու ինքնավարությունը, Երևանի քաղաքապետի ընտրության հարցում Երևանի ավագանու բացառիկ իրավասությունը։ Ընդունելով հանդերձ քաղաքական մեծամասնության մանդատը նաև Երևանի ավագանու պարագայում՝ այնուամենայնիվ, նման քննարկումները պետք է անցկացնել ու որոշումները պետք է կայացնել առավելապես ներկուսակցական հարթակներում՝ չվնասելով քաղաքային իշխանությունների հանրային հեղինակությանը»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page