Ընտրական հանցագործություններ. քրեական հետապնդում է հարուցվել 47 անձի նկատմամբ
- Jun 26, 2021
- 1 min read

Հանրային իրազեկումն ապահովելու նկատառումով ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումներով իր իրավասությունների շրջանակում դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հունիսի 25-ի դրությամբ հարուցվել է 37 քրեական գործ:
Դրանցից՝
23-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,
3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու,
2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի,
1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,
1-ը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,
1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու,
1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու,
1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,
4-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:
Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձանց նկատմամբ, որոնցից 26-ին առաջադրվել են մեղադրանքներ, իսկ 11 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:
Ընտրակաշառք տալու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 1 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 5 անձանց, իսկ թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Comments