ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին
- Nov 6, 2021
- 2 min read

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 1 նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ ՀԽ նախագահի ընտրություն, քարտուղարի ընտրություն, ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխություն և ռեկտորի ընտրության նոր մրցույթի հայտարարում:
Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.8 կետի՝ նիստը սկզբում նախագահել է խորհրդի ամենատարեց անդամը՝ «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը, իսկ քարտուղարի պարտականություններն իրականացրել է ամենաերիտասարդ անդամը՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Գոռ Օհանյանը:
Նախքան նիստի ներկայացված օրակարգի հաստատումը հնչել են նոր հարցեր ներառելու վերաբերյալ առաջարկներ, որոնք քննարկման արդյունքում չեն ընդունվել: Նախապես ներկայացված օրակարգը հաստատելուց հետո Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախագահի ընտրության հարցը: Առաջադրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի թեկնածությունը:
Սուրեն Պապիկյանն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան, ապա սովորել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Աշխատանքային գործունեության ընթացքում եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ապա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ 2021 թ. օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:
Նա իր ելույթում նշել է, որ կարող է և պատրաստ է իր ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում՝ փաստելով, որ իր համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը: Պատասխանելով ՀԽ անդամների հնչեցրած բոլոր հարցերին՝ Սուրեն Պապիկյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է քարտուղարի ընտրության հարցը: Առաջադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը:
Եղիշե Կիրակոսյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, սովորել Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարանում, միջազգային իրավունքի դասընթացներ անցել Մեդֆորդում և Մասաչուսեթսում, ստացել մագիստրոսի կոչումներ Ջորջթաունի, Սթենֆորդի համալսարաններում:
Իր ելույթի ընթացքում Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ ուրախությամբ պատրաստ է ստանձնել այս պաշտոնը և հույս է հայտնել, որ իր կրթությամբ և փորձառությամբ կնպաստի համալսարանի վարկանիշի բարձրացմանը և միջազգային ճանաչելիությանը, քանի որ ԵՊՀ-ն ունի այդ ներուժը: Պատասխանելով հարցերին՝ Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է ՀԽ քարտուղար:
Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: Ըստ այդմ՝ որոշվել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին:


























Comments